Այս փետրվարին Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի կենտրոնում՝ Էրբիլում, հյուպատոսություն բացեց։ Այդ երկրում ապրող մեր համաքաղաքացիներ եզդիների հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնց լուծմանը կարող է նպաստել նաև Երևանը։
Ինչպիսի՞ն է իրավիճակը Սինջարի ցեղասպանությունից հետո ու ինչ դերակատարում կարող է ստանձնել Հայաստանը։
Հայաստանում հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի Ազգային փոքրամասնությունների օր։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին» օրենքի նախագիծը։ Առաջին ընթերցմամբ որոշվել էր սեպտեմբերի վերջին կիրակին, բայց 7 տարին մեկ տոնը համընկնելու էր սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկին։
Ռուստամ Բաքոյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, սեպտեմբերի 27-ը չեն կարող նշել որպես տոն, մինչև չունենանք համապատասխան հաղթանակ:
Մեր երկրում ազգային փոքրամասնությունները բնակչության երկու տոկոսն են։ Պատգամավորը նշում է, որ Հայաստանն իրենց համար անվտանգ երկիր է՝ պահպանում են լեզուն, մշակույթը: Հայերի ու իրենց խնդիրները նույնն են, ներգրավված են օրենսդիրում, համայնքների կառավարման գործում։
Ռուստամ Բաքոյան. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. «Այդ օրվա անդրադարձը թույլ կտա ազգային փոքրամասնություններին ավելի լավ ճանաչելու»:
Ու թեև Հայաստանում, Բաքոյանի համոզմամբ, եզդիները խտրականության չեն հանդիպում, նույն պատկերը չէ աշխարհի մասշտաբով։ ԱԺ պատգամավորը ազգակիցների հրավերով մեկ ամսից ավելի Իրաքում էր։ Մասնակցում էր Սինջարի՝ ցեղասպանության զոհ դարձած Քոչո գյուղի 104 եզդիների հուղարկավորությանը։ Եթե կորցնեն Սինջարը, առհասարակ կկորցնեն եզդի տեսակը, համոզված է Բաքոյանը։ Իրաքի հյուսիսային բնակատեղին եզդիների գոյության նախապայմանն է։
Ռուստամ Բաքոյան - Սինջարը ազատագրելուց հետո 60-ից ավելի եզդիական եղբայրական գերեզմաններ հայտնաբերվեցին և դրանք մաս-մաս բացվում են ՄԱԿ-ի աջակցությամբ, ԴՆԹ թեստերի միջոցով կարողանում են որոշել ում աճյուններ են, և հանձնվում են հողին:
Հյուսիսային Իրաքում Սինջարի եզդիների կոտորածը սկսվեց 2014-ի օգոստոսի 2-ի, լույս 3-ի գիշերը: Կես միլիոնից ավելի եզդի փախստականներ հայտնվեցին ամբողջ աշխարհում: Շատերն ապրում են վրանային ճամբարներում: Եզդիները ուզում են վերադառնալ Սինջար, բայց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է ենթակառուցվածքները, քանդել տները: Իրաքի հյուսիսում այսօր էլ մարդիկ են զոհվում:
Հայաստանի խորհրդարանը ճանաչել է 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ոճիրից 7 տարի անց եզդիները շարունակում են ապրել լեռներում։ Ճամբարներ կան, որտեղ 70 հազարից ավելի մարդ է ապրում:
Ռուստամ Բաքոյան - Էն պայմանները, որ ի սկզբանե առաջարկված էր եզդիներին, այդ թվում՝ նաև վրանները, որ սկզբում նոր էին, հիմա արևից, ձյունից վնասվում են, և եզդիները ավելի վատ վիճակում են հայտնվում:
Բաքոյանը եղել է ճամբարներում: Հրատապ է առողջական խնդիրների լուծումը՝ մարդիկ առանց օգնության են: Երևանում պատգամավորն առողջապահության նախարարության հետ քննարկում է հնարավոր աջակցության ճանապարհները: Նման փորձ անցած տարի եղել է։
Ռուստամ Բաքոյան - Եզդի փախստական երեխայի տեղափոխել ենք Հայաստան, սրտի վիրահատություն ենք կատարել, գուցե հնարավորություն ստեղծենք՝ հայ բժիշկները մեկնեն Իրաք և բարեգործական ծրագրով վիրահատություններ անեն փախստականներին:
Ցավով է նշում, որ միջազգային կառույցներն ու կառավարությունները լուռ են այս հարցում. միայն ձևական մտահոգություններ են, բայց ոչ մի գործնական քայլ: Խնդիրը կարող է լուծել Իրաքի կենտրոնական կառավարությունը: Առաջնահերթությունների մեջ կարևոր է հումանիտար օգնության տրամադրումը: Հայաստանը մի քանի անգամ ստանձնել է այդ առաքելությունը:
Ռուստամ Բաքոյան - Եզդիների ցողասպանությունը դեռ չի ավարտվել, շարունակվում է, պետք է հնարավորություն ստեղծել, որ եզդիները կարողանան վերադառնան իրենց բնօրրան Սինջար:
Դիվանագիտական ճակատում դրական առաջընթաց եղավ. Իրաքում, որտեղ Թուրքիան մեծ ազդեցություն ունի, Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է հայկական հյուպատոսություն։
Ռուստամ Բաքոյանը վստահ է՝ Հայաստանը պետք է ազդեցության գոտիներն ավելացնի Մերձավոր Արևելքում, դա ճանապարհ է խնդիրների լուծման համար։
Վերջին 7 տարում «Իսլամական պետության» զինյալները ավերել են եզդիական 70 -ից ավելի սրբավայրեր ու մշակութային արժեքներ: