Անկախ դժվարություններից ու պատերազմի ավերիչ հետևանքից՝ Արցախում շարունակում են ապրել մարդիկ, որոնք փորձում են հայկական հողում կյանքն ավելի լավը դարձնել։ Ազատ Ադամյանը նրանցից մեկն է։ Ստեփանակերտի հայտնի փաբի սեփականատերը հյուրերին սպասում է նոր ծրագրերով։
Ազատ Ադամյան - «Պետք է մեր հերթին ճիշտ ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Արցախը: Խոսքով հնարավոր չէ Արցախը նկարագրել: Մարդիկ պետք է գան, տեսնեն, մենք պետք է ասենք, որ ապահով է»:
Արցախում, որ չկանգնի կյանքի ռիթմը. Արցախի դրոշով ջիփը չճանաչող այստեղ գրեթե չկա: Շուշին անցնես, Ստեփանակերտի դարպասին շատ մոտ նախատեսած հին ծրագրերը նորացրել է Ազատը՝ ազատ Արցախի համար:
Ազատ Ադամյան - «Հուսով եմ՝ ամեն ինչ շուտով կաշխատի»:
Գործն արդեն սկսել էր, երբ Արցախում լսվեց պատերազմի ձայնը: Ուզում է գինու մեծ մառան կառուցել, որտեղ կներկայացվի հայկական գինեգործության մշակույթը: Կավագործություն, գորգագործություն, փայտամշակում. Ազատի ծրագրով՝ հյուրերն իրենց ձեռքով նաև կպատրաստեն:
Ազատ Ադամյան - «Երկաթե շինությունն ուզում եմ սարքեմ, երաժշտական փառատոների համար: Տնակներն են, ներքևում կլինի սպորտային մասը, խոհանոց, ճապոնական, այնտեղ՝ գինետուն, զոոպարկը: Վրանային ճամբար, ամենաներքևը՝ ագրոտուրիզմի տարածք»:
Կապույտ տնակները պատերազմից տուժել են: Նախ դրանք կվերականգնի, հետո կսկսի համալիրի կառուցումը:
Երգերը հիմա այլ կերպ են հնչում: Երաժիշտն Ապրիլյանից հետո որոշեց մի քիչ փոխել Արցախի երիտասարդական կյանքի տեմպը, ակտիվ գործ սկսել ու ստեղծեց Ստեփանակերտի երիտասարդական հասցեներից մեկը:
Ազատ Ադամյան - «Սահմանին ես հասկանում երկրի քաղցրությունը, հայրենիքի քաղցրությունը: Ուզում էի տուրիզմի օֆիսը բացել, հետո, քանի որ պահանջ չկար, որոշեցի՝ մի տեղ բացեմ, ընկերներիս հավաքեմ, զրուցենք, երաժշտություն լսենք: Ի սկզբանե փաբի մտադրություն չկար»:
Արցախցիներն ու նաև հյուրերը հիմա չեն շրջանցում հանգստի վայրը, օրվա ավարտին լիցքաթափվում են փաբում:
Ազատ Ադամյան - «Էստեղ պետհամարանիշներ էլ ունեմ»:
Սահմանել է խիստ ֆեյս-քոնթրոլ ու բացառություն չի արել նույնիսկ ընկերների համար՝ ասում է Ազատն ու բացում փաբի անվան գաղտնիքը:
Ազատ Ադամյան - «Շինությունը սկբում խանութ էինք ասում. իջնենք մագազին: Մի օր մտանք, տեսանք սեղան, բազմոց, մոտոս՝ մեջտեղը քանդած, յուղը, գործքիներ, ասացի՝ չտո զա բարդակ, ու հասկացա, որ փաբին համապատասխան է»:
Պատերազմից հետո մուտքն Ազատի մոտ Տիգրանակերտի դռնով է. բերդ-ամրոց հասավ Ադրբեջանին հանձնելու օրը ու փրկեց մասունքը:
Ազատ Ադամյան - «Խոսք եմ տվել ընկերոջս. ասացի՝ բերում ենք, բայց մի օր անպայման կդնենք տեղը: Եթե մենք չէ, անպայման մեկը կտեղադրի, դրա համար ասում եմ՝ անգամ դուռը որտեղից է հանած: 2-րդ հարկի աստիճանների դիմացի դուռն է»:
Լույսը ցրվում էր արդեն, որ աչքին ընկավ Տիգրանակերտ-Ակնա խաչմերուկի ցուցանակը: Իր մոտ կպահի Հադրութի Տումի գյուղից Խաչատրյանների հին հեռուստացույցը՝ պատերազմից հետո նրանց միակ հուշը: Պատին մեխած ինտերնետի սարքն իր համար ամենաթանկն է:
Ազատ Ադամյան - «Փասվորդ էր ուզում, ջարդեց, մեխեցի... ընկերս զոհվեց, Հադրութից դարձավ հիշողություն»:
Ազատն էլ է կռվել Արցախի համար: Եթե կարիքը լինի, կրկին պատրաստ է: Արցախի վրա թշնամու արձակած սմերչին նա հակադրել է Արցախից աշխարհին հասեցագրած խաղաղության կոչը, նույն ուղերձով է հյուրերի սպասող սպիտակ ավտոբուսը: