Տարածաշրջանում տանտիրոջ տպավորություն թողնելու համար Բաքուն որոշել է, ուրիշի տարածքները սեփականը ներկայացնելուց զատ, յուրացնել նաև այլ ժողովրդի պատմություն։
Իր քաղաքացիներին ներշնչել է, թե ադրբեջանցիներն աղվանների ժառանգներն են, Աղվանքն էլ՝ իրենց հայրենի հողը։ Ու եթե այդ երկրում էթնիկ ուդիները փորձում են թաքցնել իրենց ինքնությունը, Հայաստանում բարձրաձայնում են իրականությունը։
Տարածաշրջանի նորեկների հետ էթնիկ կապ չունեցող, Կուրի ավազանի հնաբնակներից ուդիներին հանդիպել է Հայկ Նավասրադյանը։
Ռաֆիկ Օհանյան (Պտղավան համայնքի վարչական ղեկավար) - «Ուդի Սլավիկանց տունն ա, Բեջանով Սլավիկանց տունն էնտեղ ա»:
Պտղավանի վարչական ղեկավարը գյուղում՝ կողք կողքի ապրող քրիստոնյա ուդիների հետ է ծանոթացնում:
Հյուրընկալ օջախում՝ պատերին, ամենուր քրիստոնեական սրբապատկերներ ու խաչեր են: Ապրում են ինչպես բոլորը գյուղում՝ ծառ են տնկում, տուն կառուցում, սերունդ մեծացնում:
Բեժանով Վյաչեսլավ (Պտղավանի բնակիչ) - «Երեք երեխա ունեմ՝ երկու աղջիկ մի տղա»:
24 տարեկան էր Սլավիկը, երբ 88-ի նոյեմբերի 28-ին Ադրբեջանում փակեց հայկական Վարդաշենի հայրական տան դուռն ու Հայաստանում՝ Պտղավանում, բացեց նոր կյանքի սկիզբը:
Երեք տասնամյակի հեռվում էլ ամեն ինչ դեռ թարմ է հուշերում: Վարդաշենում, Նիժում հայ և ուդի միասին ապրում էին հաշտ-համերաշխ: Միմյանց աղջիկ էին տալիս, հարս տանում: Ինչպես այս ընտանիքում՝ ամուսինը ուդի է, կինը՝ հայ:
Բեժանով Վյաչեսլավ - «Ընդե չեն ասել՝ էս ուդի ա, էս հայ ա, սաղ նույնն ա»:
Տարբեր միայն լեզուն էր, ասում են՝ նիստ ու կացով, ավանդույթներով, անգամ քրիստոնեական տոները նշել են միասին: Հիշում են Վարդաշենի Եղիշե Առաքյալի հայկական մատուռը:
Բեժանով Վյաչեսլավ - «Եղիշ Առաքել էինք գնում, մատաղ-բան անում մայիսի 2-ին, ամեն տեղ սուրբ կար»:
Ադրբեջանը հայկական եկեղեցիները, վանքերը ուդիական է համարում, աշխարհին հայտարարում, թե հայերը յուրացրել են ուդիականը:
Բեժանով Վյաչեսլավ - «Դե, նա շատ պյանա շուռ տալու, եթե ընդե հայություն չկա, ուդի չկա, պիտի կեղծեն, էլի: Ադրբեջանցիները եկել են Վարդաշեն 60-ականներին: Ընդեղ մենակ մենք, հայեր ու լեզգիներ էին ապրում»:
Ադրբեջանցիները նաև անընդհատ հայտարարում են, թե իրենք աղվանների ժառանգներն են:
Բեժանով Վյաչեսլավ - «Սուտ ա, կարող ա իրանք իրանց համար պատմություն սարքեն, բայց տենց չի, շարունակողը ուդիներն են՝ խաչապաշտ»:
Ալեքսան Հակոբյան (Կովկասագետ) - «Ադրբեջանն ադրբեջանցիների երկիրն է, Աղվանքը՝ աղվանների երկիրն է, աղվանական ցեղերի: Հետո նրանք միավորվել են, հանդես են եկել որպես աղվաններից մնացած ժառանգորդներ՝ ուդիներ, լեզգիներ, թաբասարանցիներ,12-ի չափ ժողովուրդներ»:
Այդ ժողովուրդների մի մասը այսօր էլ Ադրբեջանում են՝ վատ վիճակում, չեն համարձակվում խոսել իրենց արմատների՝ աղվանական ծագման մասին:
Հին ազգի ներկայի խնդիրների մասին պատմում է ազգագրագետը:
Հրանուշ Խառատյան (ազգագրագետ) - «Սրանք ժողովուրդներ են, որոնք բուն Կովկասի համար պատմական-մշակութային ուշագրավ լուրջ շերտ են, ցավոք սրտի, այս շերտը հենց մեր աչքի առաջ ոչնչացվում է: Հիմա ուդիների միջոցով փորձել խոսել թուրքական ժառանգորդության մասին՝ լավ կլինի խոսել նաև իսլամացած, անհետացած ուդիների մասին: 18-20 թվականներին հայ-թուրքական կռիվների ժամանակ ուդիների ամենամեծ կոտորածն է եղել»:
Քրիստոնյա ուդիների ողբերգական պատմությունը 100 տարի անց էլ կրկնվեց՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ
Հրանուշ Խառատյան - «Եթե հիմա Ադրբեջանն ասի՝ որտեղից Ռոստովում 2000 ուդի, վատ չէր լինի, եթե տեսնենք՝ էդ ժառանգորդը իր հայրենիքից դուրս ինչ նոր տրանսֆորմացիայի է ենթարկվում: Ցավոք սրտի, ո՛չ գիտության, ո՛չ պատմական օբյեկտիվության մասին կարելի խոսել: Սա քարոզչության նյութ է, որին զոհ է գնում պատմական կարևորագույն մի ամբողջ ժողովուրդ իր փշրանքներով»:
Ռաֆիկ Օհանյան - «88-ին երբ սկսվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, նրանց մեծ մասը մեզ հետ դուրս եկան»:
Խաչապաշտ, փրկված մի քանի ընտանիք բախտակից հայերի հետ այստեղ էլ հարևաններ են. Նույն ճակատագրով Վարդաշենը լքել է Պտղավանի վարչական ղեկավարը:
Ռաֆիկ Օհանյան - «Գյուղի աշխատող նորմալ մարդիկ են, աշխատում են հատկապես հիմա, երբ սահմանամերձ ենք: Շատ կարևոր ա, պետք ա զարգացնենք, ուժեղացնենք: Ընդհանուր մերված, գեղեցիկ, համերաշխ ապրում ենք: 6 ուդի ընտանիք ա ապրում, որից 3-4 ընտանիք այսպես է. հայրը՝ ուդի, մայրը՝ հայ, կամ հակառակը»:
Ադրբեջանում մնացած փոքրաթիվ ուդիները, որ հիմա Բաքվի համար մեծ քաղաքականությանն են ծառայում հայերի դեմ, հարկադրված են դա անում՝ վստահ են Պտղավանցի ուդիները:
Բեժանով Վյաչեսլավ - «Բա ինչ անեն, չեն կարա, իրանց կնեղացնեն»:
Տիկին Գայանեն շարունակում է փայտ ավելացնել, վառ պահել օջախի ծուխը: Միայն մի խնդիր ունեն՝ ուդիերեն այբուբեն չունեն, կուզեն, որ երեխաները նաև մայրենին իմանան: