Շարունակում ենք ներկայացնել հարցազրույցներ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ։ Այս անգամ Լիլիթ Գասպարյանը զրուցել է Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ուրբան Կրեսպոյի հետ, փորձելով պարզել Մադրիդի քաղաքական հաշվարկները տարածաշրջանում։
Լիլիթ Գասպարյան. «Արդյո՞ք Թուրքիա-Իսպանիա տնտեսական, առևտրային և ռազմական սերտ հարաբերություններն իրենց բացասական ազդեցությունն ունեն Հայաստան-Իսպանիա հարաբերությունների հարցում։
Ուրբան Կրեսպո. Ուրբան Կրեսպո. ԵԽ պատգամավոր, Իսպանիա. «Այո, կարծում եմ՝ այո։ Պետք է հասկանալ, որ միջազգային հարաբերություններն Իսպանիայի համար ժողովրդավարության հաստատումից ի վեր խիստ կարևոր են և հետևողականորեն պահպանվում են։ Հիմնականում երկրների միջև հարաբերությունները կառուցվում են տնտեսական կապերի շնորհիվ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Իսպանիան էլ բազում կապերով կապված է այդ երկրի հետ, քանի որ տնտեսական մեծ հետաքրքրություններ ունի: Համենայնդեպս, եթե ոչ Իսպանիայի կառավարությունը, ապա ձեռնարկատերերը։ Այնտեղ ունենք ավտոմոբիլային, տեքստիլ արտադրության ընկերություններ։ Օրինակ՝ Թուրքիայում հիմնադրված իսպանական ավտոմոբիլային ընկերությունում արհմիության անդամ հինգ թուրք աշխատակից գործադուլ է անում: Այստեղից մենք կարող ենք միայն համերաշխություն հայտնել։ Վերջերս ականատես եղանք ու Եվրախորհրդարանում բարձրացրեցինք հարցը, թե ինչպե՞ս է Իսպանիան օգնել Թուրքիային՝ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի նավթի վաճառքում, որը պատերազմական ավար դարձավ։ Դա իհարկե մեզ համար կոշտ քայլ էր, բայց կան տնտեսական հետաքրքրություններ ու հանգամանքներ, որոնցով էլ պայմանավորվում և հիմնավորվում են ինչպես Իսպանիայի և Հայաստանի, այնպես էլ Իսպանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները»։
Լիլիթ Գասպարյան. «Իսպանիայի ներկա սոցիալիստ իշխանությունները կարևորում են մարդու իրավունքերը և ժողովրդավարությունը, բայց կարծես թե ռազմավարական նշանակության հարցերն առաջին պլան են մղվում անտեսելով այդ արժեքները։ Ի՞նչ կասեք այս մասին։ Արդյո՞ք ավտորիտար երկրների հետ համագործակցությունն ավելի կարևոր է, քան արևմտյան արժեքները»:
Ուրբան Կրեսպո. «Կարծում եմ՝ այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն Իսպանիային։ Խոսքը եվրոպական քաղաքականության երկակի չափորոշիչների մասին է։ Քաղաքականություն, որը հավակնում է պաշտպանել մի շարք արժեքներ, մարդու իրավունքները, բայց իրականում այն պայմանավորված է ռազմավարական և առևտրային շահերով՝ ինչպես Իսպանիայի, այնպես էլ Եվրամիության դեպքում: Այդ ամենի ապացույցը տեսնում ենք շատ դեպքերում։ Սաուդյան Արաբիայի և Եմենի օրինակով համոզվեցինք, նույնը բազմիցս տեսանք Թուրքիայի հետ: Դա ոչ միայն տնտեսական շահերի համար էր, այլև Թուրքիայի վարած քաղաքականության հետևանք։ Թուրքիան իրեն դիրքավորում է որպես ԵՄ-ի՝ այսպես ասած «սահմանային ոստիկանություն»։ Այն ամենը, ինչ տեսնում ենք, երեսպաշտություն է, քանի որ խոսվում է մարդու իրավունքները պաշտպանելու մասին, այնինչ իրականում ոչ միայն Իսպանիայի, այլև ԵՄ-ի հարաբերություններում գերակայում են աշխարհաքաղաքական, ռազմավարական ու տնտեսական շահերը»։
Լիլիթ Գասպարյան. «Լիագումար նիստի Ձեր վերջին ելույթում քննադատեցիք ԵՄ-ի կեցվածքը Թուրքիայի վերաբերյալ՝ ասելով, որ ԵՄ-ն քարտ բլանշ է տվել Էրդողանին անելու՝ ինչ ուզում է։ Որտե՞ղ և ինչո՞ւ է թերանում ԵՄ-ն կամ հակասում ինքն իր արժեքներին»:
Ուրբան Կրեսպո. «Հենց դրա մասին էի խոսում, դա կեղծ արժեքներով առաջնորդված շողոքորթ քաղաքականություն է: Դա բռնապետական կառավարությանը, ինչպիսին Էրդողանինն է, քարտ-բլանշ է տալիս՝ սրտի ուզածն անելու համար: Ինչու՞, էլի գալիս եմ այսպես ասած ԵՄ-ի սահմանների ոստիկանի՝ Թուրքիայի դերին: Նույնը տեղի ունեցավ Իսպանիայի և Մարոկկոյի դեպքում, երբ սահմանների պահպանությունը թույլատրվեց դրսի կողմին՝ Մարոկկոյին։ Այդ դեպքում, կարծում եմ, նույնպես անհամապատասխանություն կար Եվրոպայի քաղաքականություն մեջ՝ կրկին պայմանավորված աշխարհաքաղաքական, ռազմավարական ու տնտեսական շահերով»։
Լիլիթ Գասպարյան. «Իրականում Կատալունիայի և Արցախի հիմնախնդիրները շատ տարբեր են։ Շատ փորձագետներ շեշտում են, որ Ադրբեջանը մանիպուլացնում է Կատալունիայի հարցը՝ ի շահ իրեն և դրանով է պայմանավորված Իսպանիայի մոտեցումը Ղարաբաղյան հարցին։ Արդյո՞ք Իսպանիայի նմանատիպ կեցվածքն Ադրբեջանի կողմից հրամցված խայծի կուլ տալ է, թե տարածաշրջանում քաղաքական և տնտեսական շահի բացակայություն»:
Ուրբան Կրեսպո. «Նախ և առաջ, նախքան որոշ տարրեր միավորելը պետք է անպայման նշել , որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը որևէ նմանություն ու առնչություն չունի Կատալունիայի խնդրի հետ։ Բայց ճիշտ է, որ Իսպանիան և Իսպանիայի ժողովուրդն ունեն տարածքային և ազգային խնդիր ոչ միայն Կատալունիայի, այլ նաև այլ շրջանների հետ։ Պետք է ընդունել այդ խնդիրը, հասկանալ այն, ընդունել նաև այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են ինքնավար շրջաններում։ Նույն խնդրի համեմատականը կարելի է անել Միացյալ Թագավորության և Շոտլանդիայի դեպքում, երբ ինքնորոշման հանրաքվե անցկացնելու հնարավորության կարիք կար։ Իսպանիան ոչ միայն այդ հանրաքվեն չի իրականացնում, այլև միջազգային հարաբերություններում խուսափում է ցանկացած նմանատիպ խնդրին արձագանքելուց և ավելի շատ դիրքավորվում ազգային և ներքին շահերի առանցքում, քան մարդու իրավունքները հարգելու ենթատեքստում։ Նույնը Կոսովոյի դեպքում էր: Եթե Իսպանիան ընդուներ Կոսովոյի անկախությունը, կնշանակեր, որ ընդունում է իր տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Իհարկե, ենթատեքստերը նման խնդիրներում շատ տարբեր են, բայց այդտեղ, կարծում եմ, Իսպանիայի համար ավելի շատ գերակշռում են ներքաղաքական, տնտեսական, ազգային շահերը»։
Լիլիթ Գասպարյան. «ԵՄ կորիզ անդամ երկրների ազգային խորհրդարանները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, Գերմանիայի դեպքում՝ նույնիսկ ընդունել մեղքի բաժինը։ Ինչո՞վ է պայմանավորված Իսպանիայի՝ մինչև այսօր Հայոց ցեղասպությունը չճանաչելը։ Հաշվի առնելով, որ հարցը մի քանի անգամ սենատի օրակարգ է մտել, և Իսպանիայի մի շարք տեղական մարմիններ ճանաչել են պատմական այդ փաստը»:
Ուրբան Կրեսպո. «Վերադառնում ենք Ձեր առաջին հարցին՝ դա ևս պայմանավորված է հանգամանքով, երբ հաշվի են առնում Թուրքիայի հետ հարաբերությունները` չփորձելով «նեղացնել» ռազմական, առևտրային գործընկերոջը։ Այդտեղ միջազգային հարաբերությունների մեկ այլ անհամապատասխանություն, կեղծավոր քաղաքականություն կա։ Նշեցիք, որ կան ինքնավար կառավարություններ, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Կատալունիան, Բասկերի երկիրը, նաև Բալեարյան կղզիներն ու Արագոնն են ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Բայց Իսպանիան դեռ խնդիր ունի հասնելու մարդկության դեմ իրականացված հանցագործություններն ընդունելուն, ոչ միայն այլ երկրների դեպքում, նաև իր պարագայում: Հենց Իսպանիայում Ֆրանկոյի բռնապետության տարիներին են մարդկության դեմ հանցագործություններ իրականացվել, որոնք այլ ժողովրդավարական երկրներ այդպես էլ չեն պահանջել ճանաչել։ Իսպանիան անհետ կորած մարդկանց թվով առաջիններից է։ Այսպիսով ստեղծվել է մի ծանր իրավիճակ: Ցավոք, պիտի վերադառնամ այն հանգամանքին, որ Իսպանիան առաջնորդվում է աշխարհաքաղաքական, ռազմավարական, տնտեսական շահերով, սակայն Թուրքիայից առաջ պետք է նախ ընդունի իր կյանքի որոոշ դեպքեր»։
Լիլիթ Գասպարյան. «Շնորհակալություն մասնակցության համար»:
Ուրբան Կրեսպո. «Շատ շնորհակալ եմ, հաճելի էր զրուցել»։