Ֆերմեր Հմայակն ամեն տարի իր ջերմոցի յուրաքանչյուր 1000 քառակուսի մետրից 12 տոննա բերք է ստացել։ Այս տարի մինչև 30 տոննայի ակնկալիք ունի։ Խթանիչը տեղական արտադրության օրգանիկ պարարտանյութն է, որն առաջին անգամ փորձարկվել է իր ջերմոցում։
Հմայակ Մնացականյան (ֆերմեր) - Սա առաջին դեպքն է, որ հումուսը լցրել եմ հողի մեջ, սածիլը դրել, ու 10 օր հետո ծաղկել է: Սածիլի բոյից է երևում՝ ինչ ակտիվ է աճում։
Որպեսզի ավանդական և էկոտեխնոլոգիաներով աճող բույսի տարբերությունը տեսանելի լինի, ջերմոցի մի մասը սնուցել են օրգանիկ պարարտանյութով, մյուսը՝ քիմիական։
Աննա Գրիգորյան («Զուլալ ագրո» կազմակերպության համահիմնադիր) - Դրել ենք ստուգիչը, որը ենթադրում է ավանդական տեխնոլոգիաներով մշակություն, մյուս հատվածը, որ ավելի փարթամ է, օգտագործվել է «Զուլալի» պարարտանյութը՝ արմատային սնուցմամբ։
Մեկ ամիս չկա՝ սածիլը դրել են, բայց բույսն արդեն պտուղ է տվել։
Աճն արագացել է՝ շնորհիվ միկրոօրգանիզմներով հարուստ պարարտանյութի։ Բերքը 10-12 օր առաջ ընկել։ Իսկ որպեսզի լոլիկի համը՝ տեղը, տեսքն էլ՝ ախորժելի լինի, պարարտանյութ արտադրողների խորհրդով բույսը պետք է հարստացնել արմատից տերև։
Աննա - Առաջին հումքը տրվում է արմատից՝ թռչնաղբի հումքով, երկրորդը՝ միկրոբիոլոգիական պրեպարատ է, որը ստանում են լաբորատորիայում, երրորդը բույսին տալիս են վեգետացիայի վերջին փուլում, որն ապահովում է պտղի քաշը, համն ու հոտը։
Ֆերամոնային թակարդները, որ Հմայակն ամեն տարի կախել է ջերմոցում՝ ցեցերից ու այլ միջատներից պաշտպանելու համար, այլևս պետք չեն։ Տեղական արտադրության պրեպարատները, չեզոքացնելով հիվանդությունները, կանխում են նաև միջատների գրոհը։
Հմայակ - «Զուլալը» սրսկել եմ, մինչև հիմա սպիտակաթևիկը չկա։
Պարարտանյութն արտադրում են Հայաստանում։ Միկրոօրգանիզմներով հարստացած նյութն ու օրգանական թափոններն իրար խառնելուց 40 օր հետո պատրաստ է։ Փորձարկվել է Հայաստանի կլիմայական բոլոր գոտիներում, կիրառելի է թե՛ բաց դաշտում, թե՛ ջերմոցում։
Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ՝ ընկերության չորս մասնաճյուղում աշխատանքը եռում է։ Հանգստանալու ժամանակ չունի նաև ֆերմեր Հմայակը։ Պետությունից անտոկոս վարկ է վերցրել, ուղղել տնտեսության զարգացմանը։
Հմայակ - Տրամադրել են 19 մլն դրամ, ջերմոցն ավելացրել ենք, տնտեսությունը՝ մեծացրել։ Գյուղացիական տնտեսությունները, որոնք էկոպարարտանյութով աճեցրած բերքի մեծ ծավալ կապահովեն, իրացման խնդիր չեն ունենան։
Պարարտանյութ արտադրող ընկերությունը արտահանման ծրագիր էլ կիրականացնի։ Ուղղությունը՝ Եվրոպա և Արաբական էմիրություններ։