Ի պատասխան Tert.am լրատվական կայքում մարտի 6-ի՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել:
«2018-2021թթ. «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է ընդամենը 288 772 մլն ՀՀ դրամի պայմանագիր: Tert.am-ին առողջապահության նախարարությունից գրավոր տեղեկատվությունը ոչ ճիշտ է ներկայացվել, մասնավորապես, գրության մեջ ներկայացված տարեսկզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկել աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով:
Արդյունքում՝ 2018, 2019, 2020, 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25176, 98 934, 91 982, 72 680 մլն ՀՀ դրամ: Արդյունքում չորս տարիների ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ 4,5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը հատկացվել է 288 772 մլն ՀՀ դրամ:
Համեմատության համար կարող ենք նշել, որ 2019, 2020, 2021 թվականներին օրինակ «Արմամաքս» ՍՊ-ին հատկացվել է 420 884 մլն ՀՀ դրամ: Առողջապահության նախարարությունը հորդորում է Tert.am լրատվականին զերծ մնալ նման էժանագին շահարկումներից և հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան»,- ասված է հայտարարությունում: