Լոռիում վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Քովիդ-19»-ով վարակվածների թիվը 100-ով ավելացել է, մինչդեռ փողոցներում ու հասարակակական վայրերում դիմակ կրող հատ ու կենտ մարդկանց կարելի է հանդիպել: Մարզպետարանում ահազանգում են՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը լարված է:
Ռուզաննա Պողոսյան, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ - Այս շաբաթվա ընթացքում հիվանդների, վարակակիրների շատ ավելի մեծ թիվ է արձանագրվել: Հոսպիտալացված հիվանդների թվի մեջ կտրուկ աճ է տեղի ունեցել ու բավականին շատ ծանր հիվանդներ են այս պահին գտնվում Սպիտակի ԲԿ-ում: Բոլորի մոտ հաստատված է թոքաբորբ, բոլորն ունեն հոսպիտալացման ցուցումներ:
Սպիտակի բժշկական կենտրոնում համավարակի դեմ բուժվողների թիվն ավելանում է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղափոխում են մայրաքաղաք: Արդեն մտածում են Վանաձորի ԲԿ-ն վերապրոֆիլավորելու մասին: Սպիտակի հիվանդանոցի 40 մահճակալը վարակի տարածման այս արագության դեպքում չի բավարարի:
Վահագն Մկրտչյան, Վանաձորի ԲԿ տնօրեն - Այս պահին մենք ևս պատրաստ ենք, եթե անհրաժեշտություն լինի: Արդեն սովորել ենք՝ ով որ օղակում ինչ պետք է անի, այսինքն՝ արագ վերապրոֆիլավորվել: Անհրաժեշտ արագաներով ապահոված ենք, թթվածն մատակարարման, դիմակների խնդիրներ չունենք:
Սրան զուգահեռ՝ կրկին ուժեղացվում է տեսչական մարմինների վերահսկողությունը: Նորից կսկսեն շրջել, անհրաժեշտության դեպքում անգամ տուգանել տնտեսավարողներին, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները:
Անահիտ Զատիկյան, ԱԱՏՄ տարածքային կենտրոնի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ - Այս պահի դրությամբ ստուգայցերի ընթացքում նկատելի է, որ թուլացել է իրավիճակը, պահանջների պահպանելը: Դեպքերի ավելացման հետ կապված հիմա ուղղվածությունն ավելի շատ կենտրոնացրել ենք դպրոցներին, մանկապարտեզներին, առևտրի կենտրոններին:
Լոռու մարզում մինչև օրս գրանցվել է վարակի մոտ 9040 դեպք՝ 160 մահվան ելքով: Թվերը նվազեցնելու ուղղությամբ մարզպետարանում և համայնքապետարաններում քայլեր են ձեռնարկում, բայց պնդում են՝ առանց քաղաքացու օգնության համավարակի դեմ պայքարում հաջողության հասնել հնարավոր չէ: