Վտանգավոր հատվածը մայրաքաղաքի Արշակունյաց 272 հասցեն է: Այս և հարակից տարածքում տրանսպորտը 28 հետիոտնի վրաերթի է ենթարկել, 9 դեպք ավարտվել է մահով: 2017-2020 թվականների դժբախտ վիճակագրությունը վերլուծելով՝ Երևանի դատախազությունը քաղաքապետարանին միջնորդել է կարգավորել երթևեկությունը խնդրահարույց հատվածում:
Արթուր Սմբատյան (Երևանի դատախազության ավագ դատախազ) - Միջնորդագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետարան՝ նշված չկարգավորվող հետիոտնային անցումը հետիոտնի կանչի ռեժիմով կահավորելու վերաբերյալ:
Միջնորդագիրը քաղաքապետարան է հասել: Մտահոգիչ հասցեն քարտեզին հեշտությամբ գտան:
Միայն թե տրանսպորտի վարչությունում տարակուսած են. ինչո՞ւ է նամակն իրենց ուղարկվել: Մեջբերում են Երևանի ՏԻՄ օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի՝ երթևեկության կազմակերպումը մայրաքաղաքում մտնում է պետության պատվիրակված լիազորությունների մեջ:
Հենց ճանապարհային ոստիկանությունն այս շաբաթ հայտարարեց հետիոտնային կանչի նոր լուսացույց գործարկելու մասին: Ահա այն՝ Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց հատվածում: Մարդկանց ապահով տեղաշարժի համար տրանսպորտի երթևեկությունը կանգնեցնող այսպիսի սարք են ուզում նաև մաշված, հազիվ երևացող ներկով հետիոտնային անցումի վրայով դժբախտ պատահարի ռիսկն աչքի առաջ վազողներն ու մեքենա վարողները:
Արշակունյացի այս հատվածը լուսացույց չունի: Վարորդներն արագաչափն անցնում, ինչպես ասում են՝ ոտքը գազին են դնում: Նույն խնդիրը կա նաև Երևանի Իսակովի պողոտայում, Նոր Նորքի Թևոսյան փողոցում՝ թվարկում է ավագ դատախազ Սմբատյանը: Միայն ինքը միայն նախաքննության փուլում ճանապարհատրանսպորտային պատահարների 60 գործ ունի, որ կատարել են թույլատրելի արագությունը գերազանցած մեքենայատերերը:
Արթուր Սմբատյան - Ունեցել ենք ընդհուպ 200 կմ/ ժամ արագությամբ Երևան քաղաքի տարածքում:
Այդ արագությունը հնարավոր չէ արգելակել, երբ մեքենայի առաջ մարդ է հայտնվում, հարվածի ուժը, որպես կանոն, մահացու է լինում:
Խաչմերուկում լուսացույց աշխատի՞, թե՞ ոչ, ճանապարհային որ նշանը որտե՞ղ լինի՝ բացառապես ոստիկանության գործն է: Այն, որ քաղաքապետարանը զբաղվում է միայն խաչմերուկներից դուրս, միայն հետիոտնային կանչի լուսացույց տեղադրելով՝ դեռ չի նշանակում՝ որոշողն իրենք են: Պարտադիր պետք է լինի ՃՈ-ի եզրակացություն-վերջին խոսքը՝ ասում է Հայկ Սարգսյանը:
Հայկ Սարգսյան (Երևանի տրանսպորտի վարչության երթևեկության կարգավորման բաժնի պետ) - Եթե մենք նույնիսկ առաջարկենք, ինչ-որ տեղ ոստիկանությունը կարող է փոփոխության ենթարկել, ասել՝ սա առաջնահերթ ա, օրինակ ասել, որ դպրոցներ կան մոտիկ, ինտենսիվության հարց կա:
Այս տարի տեղադրվելիք հետիոտնային լուսացույցերի համար քաղաքապետարանն ու ոստիկանությունը հասցեներն արդեն համաձայնեցրել են: Մրցույթն այս հինգշաբթի ամփոփվեց. ամենաուշը երկու ամսից Երևանում կանչի ռեժիմով աշխատող 63 նոր սարք կաշխատի:
Խնդրահարույց հասցեի ու Երևանի դատախազի միջնորդության մասին ճանապարհային ոստիկանությունը կարծիք կհայտնի, ասացին՝ մեկ շաբաթից: