ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել վերանայել երկրի ղեկավարի՝ արտերկրում ռազմական ուժի օգտագործման լիազորությունները: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ փոխանցում Lenta-ն:
Նրա խոսքով՝ Բայդենը համամիտ է, որ ռազմական ուժի կիրառման լիազորությունները գոյություն ունեն արդեն 20 տարի և վաղուց հնացել են. անհրաժեշտ է փոխել դրանք: Սակին նշել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է քննարկելու տվյալ ոլորտում նախագահի լիազորությունների համար հստակ շրջանակները:
Ընդ որում, Ջեն Սակիի խոսքով՝ Սիրիայում Բայդենի հրահանգով իրականացված վերջին հարձակումներն ամերիկյան օրենսդրության տեսանկյունից օրինական են եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի սենատորները մտադրվել էին սահմանափակել ԱՄՆ նախագահի լիազորությունները ռազմական ուժ կիրառելու հարցում: