ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ հերթական այցն է կատարել տիկին Անիչկայի վագոն-տնակ:
«Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ, քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով։
Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս և հանձն առավ այս բարի գործն իրականացնել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալ եմ նաև Համբուրգում բնակվող ընկերոջս` Աշոտ Ավետյանին` կազմակերպչական հարցերում աջակցելու համար։
Փաստաթղթային աշխատանքներն այսօր սկսել ենք։ Վաղը Երևանից Աքորի գյուղ կգա ոլորտի առաջատար ճարտարապետներից մեկը, տեղում կմեկնարկեն նախագծային աշխատանքները, որի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի տան կառուցման աշխատանքը։
Այսքանով չենք սահմանափակվելու։ Մնացածի մասին` առաջիկայում»,- գրել է պատգամավորը։