Մարդիկ սկսել են տրանսպորտում առանց դիմակ երթևեկել: Խանութներում նույնպես շատերն առանց դիմակի են: Հենց դրա համար էլ Քովիդը նորից գլուխ է բարձրացրել՝ ահազանգում են մասնագետները: Տեսչական մարմիններն զգուշացնում են՝ կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով վերահսկողությունն առաջիկայում կխստացնեն: Ստուգող բոլոր կառույցները միասին հրատապ խորհրադակություն են անցկացրել, հավաքից մանրամասներ է հայտնում ՍԱՊԾ ղեկավարը:
Գեորգի Ավետիսյան, ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմնի ղեկավար - Արձնագրեցինք բոլոր այն ոլորտները, որտեղ կլինի խստացում՝ մանկապարտեզից մինչև տրանսպորտ:
Այնպես չէ, որ Քովիդի պասիվացման փուլում ստուգումները դադարեցրել էին՝ պնդում են պատասխանատուները: Առաջիկայում դեռ ամառվա պես ոստիկան-լրագրողներով շրջայցի չեն գնալու: Այդուհանդերձ, ճիշտ կլինի տնտեսվարողները թարմացնեն սպիրտի ու ալկոգելի պաշարը, այլապես չդժգոհեն, թե տուգանում են՝ ասում է Գեորգի Ավետիսյանը:
Գեորգի Ավետիսյան - Ավելի շատ տեղեր կմտնենք ու ավելի շատ տուգանքներ կկիրառենք: Առաջին խախտման համար նախազգուշացում ենք տալիս, իսկ երկրորդի դեպքում տուգանում 150-500 հազար դրամի չափով:
Խստացված ստուգումների վերսկսմանն առաջինը հանրային սննդի ոլորտն արձագանքեց: Ռեստորանների ասոցիացիան նոր սահմանափակումները գնահատեց իրենց բնագավառի համար կենսական վտանգավոր, կոչ արեց տարանջատել քաղաքականությունը, առողջապահությունն ու բիզնեսը: Որևէ մեկը դիմակ կրելու պահանջը չի հանել՝ օրվա զարգացումներին արձագանքեց ՀՀ առողջապահության նախարարը:
Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար - Այն անձինք, ովքեր չեն կիրառի այդ պահանջը, պետք է տուգանքների ենթարկվեն:
Տուգանքը մի կողմ՝ բժիշկները զգուշացնում են. Քովիդ-ով վարկվողների 20 տոկոսը հիվանդությունը ծանր է տանում, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր: