Սահմանամերձ Կիրանցի դպրոցն է, որտեղ տարիներ շարունակ ուսուցիչների թափուր հաստիքները չեն համալրվում: Խնդրին փորձել են ժամանակավոր լուծում տալ: Օրինակ՝ մաթեմատիկայի մասնագետին վստահել են նաև հայոց լեզվի, գրականության առարկանները և ոչ միայն:
Այս դպրոցում գրեթե բոլոր ուսուցիչներն են ունիվերսալ: Ստիպված են, քանի որ սահմանամերձ գյուղեր գործուղվել ցանկացողները շատ չեն: Գործը դժվարանում է, բայց դե չեն դժգոհում: Ասում են՝ աշակերտների կրթությունն ավելի կարևոր է: Ռուսերենի ուսուցչի թափուր հաստիքը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով են համալրել: Այս պահին ֆիզկուլտուրա ու տեխնոլոգիա առարկանները դասավանդող չկա: Մրցույթ են հայտարարել, սպասում են:
Նախարարությունում խնդրին տեղյակ են, վիճակագրությունն են առանձնացրել: Սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում տարեկան մոտ 700 ուսուցչի կարիք կա, որն այդպես էլ չի հաջողվում համալրել:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Հաճախ թափուր են մնում այն առարկաները, որոնք դպրոցներում դասավանդում են քիչ ժամաքանակով՝ տեխնոլոգիա, կերպարվեստ, երաժշտություն: Մասնագետների համար մոտիվացիա չի առաջացնում՝ գնալ, քիչ վարձատրություն ստանալ:
Բարդ է հատկապես բնագիտական առարկաների հարցը: Խնդրին լուծում տալու, ուսուցիչներին սահմանամերձ բնակավայրեր գործուղումները խրախուսելու համար կրթական գերատեսչությունն այս տարվա սկզբից գործուղման նոր կարգ է գործարկել:
Ժաննա Անդրեասյան - Աշխատավարձի հավելավճար է նախատեսված՝ 30 տոկոսի չափով, ինչը նախկինում չի գործել, պայմանները բարելավված են կոմունալ և կենցաղային ծախսերի համար:
Բնակարան վարձակալելու համար նախկին 10.000 դրամի փոխարեն պետությունը կտրամադրի մինչև 33.000 դրամ: Կոմունալ ծախսերի գումարն էլ ամսական 5000-ի փոխարեն 10.200 դրամ կլինի: Պետությունը կփոխատուցի նաև տեղափոխման ծախսերը: Նախարարության որոշումը սահմանամերձ համայնքներում միանշանակ չի ընդունվել:
Գործուղվել ցանկացողները նախ պետք է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային հայտ լրացնեն: Օնլայն հարթակը մշակման փուլում է: Այն լիարժեք կգործարկվի մարտի կեսից:
Այստեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերի տվյալները, թե որ համայնքում ինչ մասնագետի կարիք կա ու թե քանի ուսուցիչ է ցանկություն հայտնել գործուղվել հեռավոր մարզեր: Ամեն բան լինելու է բաց ու թափանցիկ: Գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կկնքվի 1 ուսումնական տարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ:
Նախարարությունում մտադիր են ընդլայնել այս հարթակը. հետագայում՝ հանրապետության բոլոր դպրոցներում թափուր հաստիքները կհամալրվեն հենց այս շտեմարանի միջոցով: