Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը պատվիրել է Sputnik-ի երկու միլիոն չափաբաժին, և առաջին առաքումն արդեն հասել է: Սլովակիան Հունգարիայից հետո դարձավ ԵՄ երկրորդ երկիրը, որն ընդունել է ռուսական պատվաստանյութը՝ հայտնում է euronews-ը: Եվրամիությունը, սակայն, այն դեռ չի հաստատել, և դա առաջացրել է Սլովակիայի նախագահի ու Մատովիչի կոալիցիոն գործընկերների դժգոհությունը: Վարչապետը հորդորել է ռուսական պատվաստանյութը չօգտագործել որպես կառավարության քայքայման պատրվակ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ արևմտյան դեղամիջոցների մատակարարումը երկիր ուշանում է, եղածն էլ սպասվածից քիչ է լինելու:
Սլովակիայի վարչապետի գործողությունները նաև միջազգային սկանդալի պատճառ են դարձել: Ռադիոհարցազրույցում Իգոր Մատովիչը կատակել է, թե պատվաստանյութի դիմաց խոստացել է ռուսներին հանձնել Անդրկարպատյան Ուկրաինան: Այս շրջանը մինչև 1945 թվականը պատկանել է Չեխոսլովակիային, այնուհետև անցել է Ուկրաինայի Խորհրդային Հանրապետությանը: Կիևում դա բուռն արձագանք է առաջացրել: Նախ Սլովակիայի արտաքին գործերի նախարարն է ներողություն խնդրել վարչապետի խոսքերի համար, հետո նաև՝ Մատովիչը: