ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես, արտահերթ ընտրությունների անցկացման հեռանկարին:
Մարուքյանը հիշեցրեց իր առաջարկը՝ «բանակին հանգիստ թողնել ու գնալ ընտրությունների»:
«Երեկ վարչապետի հետ այդ թեմայի շուրջ ունեցել ենք հանդիպում: Ուզում եմ ասել, որ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն էս վիճակից հանելու: Էս պահին, մեր կարծիքով, լուծումն էն առաջարկությունն է, որը մենք արել ենք: Ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին՝ միանալ, աջակցել այդ առաջարկությանը, որպեսզի այս ճգնաժամը հանգուցալուծվի, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Միակ ճանապարհը այս իրավիճակից դուրս գալու արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,-նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ կմիանան իր առաջարկին այլ ուժեր:
Առանց մեզ որևէ մեկը չի կարող համաձայնության գալ ու գնալ արտահերթ ընտրության, մենք էլ չենք կարող առանց մյուսների դա անել՝ նշեց Մարուքյանը:
«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ այս վիճակից մենք դուրս գանք, որովհետև ես տեսնում եմ, որ այս վիճակը հղի է մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ այս հարցը իրենց համար օրակարգից դուրս չի գալու, անգամ եթե «Բարգավաճ Հայաստանը» մերժի արտահերթ ընտրության գնալու առաջարկը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը: