«Մենք կանք» խորագրով ուսանողական ցուցահանդեսով թերլեմեզյանցիներն սկսում են հոբելյանական միջոցառումների շարքը. այս տարի ստեղծագործական ամենահին կրթօջախներից մեկը նշում է 100-ամյակը, և այսօր հպարտությամբ փաստում են՝ դժվար, բայց արժանապատիվ ընթացքի դարաշրջան էր:
Ցուցադրված մոտ 7 տասնյակ ստեղծագործությունները քոլեջի ուսանողները նվիրել են 44-օրյա պատերազմում զոհված իրենց 3 ընկերների հիշատակին: Նրանց մայրերն այսօր ստանում են «Թերլեմեզյան» հուշամեդալները: Գոռ Ավետիքյանը ծառայում էր Մարտունի 3-ում, զոհվել է նոյեմբերի 3-ի լուսաբացին՝ անկատար թողնելով երազանքները:
Քանդակի բաժնի ուսանող Արման Հարությունյանը նահատակվել է Շուշիի մոտ՝ Քարին տակում: Մայրն ասում է՝ այդպես էլ չկարողացավ ընտրություն կատարել քանդակի ու երաժշտության միջև, երկուսն էլ շատ էր սիրում:
Խորեն Հաջաթյանը մասնակցում էր Կարմիր Շուկայի պաշտպանությանը: Մայրն ասում է՝ անչափ հպարտ էր, որ սահմանի քարտեզագրումն է արել, իսկ զինակից ընկերները պատմել են, որ նրա վերջին ստեղծագործությունը՝ Մասիսի քանդակը, մնացել է թշնամու տիրապետության տակ, իսկ ինքն ամեն ազատ պահի ստեղծագործում էր:
«Թերլեմեզյան» ցուցասրահում ներկայացված աշխատանքները 100-ամյա ավանդույթների կենսունակության վկայությունն են: 100 տարի այս կրթօջախում գործել է գեղարվեստական ճաշակի ու ստեղծագործական մտքի դիկտատուրան: Եվ այսօր կրթօջախն ազդարարում է Թերլեմեզյանի վերելքի նոր 100-ամյակը: