Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը սումգայիթյան կոտորածների 33-րդ տարելիցի կապակցությամբ մարտի 2-ին հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից՝ հայտարարությունը ներկայացնելով ամբողջությամբ:
«1988 թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական խմբավորումները հարձակվեցին քաղաքի հայ բնակչության վրա՝ սպանելով ու կողոպտելով նրանց տներն առանց ոստիկանության միջամտության: Հաջորդ օրը ՆԳՆ մի փոքր խումբ բռնությունը դադարեցնելու անհաջող փորձ արեց: Հաջորդ օրերին ռազմական դրություն հայտարարվեց և զինված ուժերը հայտնվեցին քաղաքի փողոցներում՝ հաստատելով կարգ ու կանոն: ԽՍՀՄ գլխավոր դատախազի կողմից կազմված արձանագրության մեջ խոսվում է այդ հակամարտության ընթացքում իրենց կյանքը կորցրած 26 հայերի և 6 ադրբեջանցիների մասին:
Հակամարտության առաջնային պատճառը Ղարաբաղի ինքնորոշման շարժման սկիզբն է: Ի տարբերություն Օսմանյան կայսրությունում 1915-1920 թթ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության, այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում և, մինչ օրս դրան հաջորդած տարիների ընթացքում Ղարաբաղում, այն իր արմատներն ունի այն համակարգում, որը ոչնչացրել է ռումինացիների կյանքը և ճակատագրերը Խորհրդային Միության կողմից գրավված ռումինական տարածքում: Խոսքը վերաբերում է ԽՍՀՄ ներքին սահմանների գծմանը` առանց հաշվի առնելու Միության քաղաքական հայեցակարգից բխող էթնիկական կառուցվածքը և էթնիկական ու կրոնական գաղափարի ժխտումը. ինտերնացիոնալի հայեցակարգը, որը հնացած է համարում էթնիկական և կրոնական հասկացությունները: Դրանց մերժումը հանգեցրեց ողբերգությունների բոլոր տոտոլիտար համակարգերում անկախ դրանց մոնո-էթնիկական կամ բազմաէթնիկական բնույթից, որ այդ ռեժիմները կիսում են:
Ղարաբաղյան հակամարտությունն ու Սումգայիթի ջարդերի նման բռնությունները չեն կարող լուծվել դրանց անտեսմամբ: Դրանք միայն, սերնդից սերունդ, հավերժացնում են ժողովուրդների և կրոնների միջևոչ ռացիոնալ ատելությունը՝ առանց հաշվի առնելու, որ ժողովուրդները բաղկացած են մարդկանցից, ովքեր նորմալ իրավիճակում կարող են համագոյակցել առանց խնդիրների: Այդ իսկ պատճառով, ծայրահեղ բռնություններով լի այդ պահի հիշողությունը չի կարող ինքնուրույն անհետանալ. այն բանից հետո, երբ դրանք հասնում են բռնի փուլի, դրանք հնարավոր չէ լուծել միայն ներգրավված կողմերի ջանքերով: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը համապատասխան պատասխան է, պայմանով, որ այն պետք է արդյունքներ ունենա:
Ռումինիան հասկացավ, որ էթնիկ պատկանելությունը և կրոնների համատեղ գոյակցությունը առաջընթացի տարր է և ոչ թե հակամարտությունների գեներատոր: Եվ դա արտացոլված է այն փաստաթուղթում, որը հանդիսանում է Մեծ Ռումինիայի կառուցման հիմքը` Ալբա Յուլիայի հռչակագրում: Ամեն անգամ, երբ ժամանակավոր կառավարությունը շեղվում էր դրանից, ռումին ազգը կորցնում էր:
ԽUՀՄ ընդհանուր ճամբար ստեղծեց իր կազմում գտնվող ժողովուրդների համար` կամայականորեն տարածքներ հատկացնելով այս կամ այն «հանրապետություններին», որոնք դրա մասն էին կազմում և տապալեց այն` առաջացնելով հակամարտություններ, որոնք հավերժանալու վտանգ են ներկայացնում՝ առանց հստակ հորիզոնի: Հակամարտություններ, որոնք հավասարապես ոչնչացնում են բոլոր ճամբարների մարդկանց: Հակամարտություններ, որոնցից օգտվում են տարածաշրջանի գերտերությունները` (մեր դեպքում՝ Թուրքիան և Ռուսաստանը) հավասարակշռությունը թեքելով մեկ մի կողմ, մեկ` մյուս ու թեժացնելով հակամարտությունը, ինչպես վերջերս տեսանք, երբ ադրբեջանական բանակը զինվեց թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերով:
Այդ պատճառով մենք համարում ենք, որ Մինսկի խմբի միջնորդական գործընթացի արագացումը ամենակարևոր բանն է, որն այժմ պետք է արվի: Արևելյան Եվրոպայի տարածքը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի սահմանին, կրիտիկական նշանակություն ունի բուն Եվրոպայի կայունության համար, և եթե ոչ մարդասիրական, գոնե գործնական պատճառներով, այն պետք է հասնի երկարատև կայունության: Սգալով Սումգայիթում 33 տարի առաջ տեղի ունեցած բռնությունները և մտածելով այն ժամանակ զոհվածների և նրանց ընտանիքների մասին` կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին ողջ պատասխանատվությամբ վերաբերվել կոմունիստական ամբողջ շրջանի ընթացքում ծխացող հակամարտությանը, որը բռնկվել է 1988 թ. և կարծես թե չի ավարտվում»,- ասված է հայտարարության մեջ: