Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նախագծի մասին հարցին, թե արդյոք այդպես վարչապետի լիազորություններն են ընդլայնվում, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց՝ ՊՊԾ-ն հիերարխիայի իմաստով և ամբողջ սուբորդինացիայով ենթարկվում է ամբողջությամբ վարչապետին:
«Այնտեղ տեխնիկական բաներ կան: Որոշումները կայացվում են վարչապետի ենթակայությամբ, բայց տեխնիկական բաներ կան, որ գնում է ԱԱԾ ու անցնում է: Ես տեսա մամուլի լուսաբանումը, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Վարչապետին ենթակա մարմին է, մնալու է վարչապետին ենթակա մարմին, այլ բան, որ մենք ասում էինք՝ սուպերվարչապետական համակարգ եք ստեղծել, և վարչապետին ենթակա մարմիններ են շարունակում մնալ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը: Այդ ֆոնի վրա կարող եմ խոսել, որ մենք ասել ենք ժամանակին, բայց հիմա այդտեղ որևէ բան չկա՝ թղթաբանության հարց է»,- ասաց Մարուքյանը: