Ընդամենը երկու ամսից կմեկնարկի խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի համարակալումն ու հաշվառումը։ Որպեսզի գործընթացը սահուն ընթանա, ոլորտի պատասխանատուները նախապատրաստական վերջին աշխատանքներն են ամփոփում։
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մոտավորապես 860 միլիոն դրամի մենք ունենք պետական բյուջեում նախատեսված գումար, որպեսզի իրականացնենք ամբողջ հանրապետությունում համարակալման և հաշվառման գործընթացը։
Կենդանիների համարակալումն ու հաշվառումը պետք է մեկնարկեր 2020 թվականին, սակայն պատերազմական պայմաններում գործընթացը սառեցվեց։ Նախկին հաշվարկներով համարակալման և հաշվառման համար Կառավարությունը հատկացրել էր 750 միլիոն դրամ, սակայն հաշվի առնելով անասնաբույժների գործի բարդությունը՝ ևս 110 միլիոնով ավելացրեց պետության համար կարևոր գործընթացի ֆինանսական հատկացումը։
Տիգրան Գաբրիելյան - Մենք կսկսենք մայիսից և 80-90 տոկոսով կավարտենք ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում հաշվառված է ավելի քան 500 հազար խոշոր եղջերավոր։ Ավելի հստակ թիվը պարզ կդառնա համարակալման և հաշվառման գործընթացից հետո։ Արդեն վերապատրաստվել է 350 անասնաբույժ: Ըստ էության, բացի պետական պատվաստումներից՝ համարակալման գործընթացը անասնաբույժների համար գումար վաստակելու նոր հնարավորություն է։ Առողջական վիճակ, պահման վայր ու պայմաններ՝ կենդանու ամբողջ տվյալները մուտքագրվելու են «ԱՆԻ փասս» համակարգչային շտեմարան։
Նարեկ Հայրապետյան (ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Երբ կենդանին համարակալվեց, մուտք եղավ համակարգ, մորթ իրականացվելուց հետո նույն տրամաբանությամբ այդ համարը համակարգից պետք է դուրս գա։
Գործընթացն անհրաժեշտ է նաև որակյալ մսամթերքի ու կաթնամթերքի արտադրության տեսանկյունից։ Բացի դրանից՝ այն կնպաստի սպանդանոցային մորթի լիարժեք անցմանը։