Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանը մարտի 5-ին հավատարմագրերի պատճեններն է հանձնել Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Տակեո Ակիբային (AKIBA Takeo), ինչպես նաև հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ Ացուշի Կաիֆուի (KAIFU Atsushi) հետ:
Զրուցակիցները շնորհավորել են Ա. Հովհաննիսյանին ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով համավարակի և հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Արցախի ժողովրդին միջազգային կառույցների խողովակներով մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար՝ ՀՀ դեսպանը խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել Ճապոնիայում Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև նպաստել երկկողմ փոխգործակցության խորացմանը՝ առանձնապես կարևորելով առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, հումանիտար ոլորտում համագործակցությունը և այլն:
Երկուստեք ընդգծվել է նաև, որ կողմերը կիսում են ընդհանուր քաղաքակրթական արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: