Առողջապահության նախարարությունը սկսում է վերաբացել քովիդով հիվանդների համար նախատեսված բաժանմունքներ, պատրաստում է լրացուցիչ մահճակալներ: Համաճարակային իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ: Եթե հունվարին թեստավորվողների 9-11 տոկոսի մոտ էր կորոնավիրուս հայտնաբերվում, այսօր արդեն թեստավորված քաղաքացիների 41.3 տոկոսի պատասխանը դրական է: Վերջին 14 օրում նախորդ երկու շաբաթվա համեմատ վարակվողների թիվը աճել է 55 տոկոսով: Պատերազմի օրերին մարդիկ թուլացրել էին զգոնությունը, ուշադրությունը կենտրոնացնելով այլ ուղղությամբ, պարզաբանում է հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի մասնագետը, բայց ասում է, պատերազմից հետո էլ հակահամաճարակային կանոնների պահպանման հանդեպ զգոնությունն այդպես էլ թուլացած մնաց, և ահա արդյունքը:
Ռոմելլա Աբովյան (ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ) - Ըստ երևույթին, մարդիկ հոգնել են, բայց հաշվի առնելով այն, որ այսպիսի աճ ունենք, պետք է իրականացնենք բոլոր միջոցառումները, որպեսզի չունենանք աճ: Եթե հիշենք, թե հոկտեմբերին ինչ վիճակ էր, որ մարդկանց չէինք կարողանում տեղավորել հիվանդանոցներ, հերթագրում էինք:
Ոչ միայն բնակչությունը, այլև տնտեսվարող կազմակերպություններն են հիմնականում մոռացել հակահամաճարակային կանոնների մասին, հիշեցնում է Ռոմելլա Աբովյանը: ՀՎԿԱԿ-ը պարբերաբար տվյալներ է ստանում այս կամ այն կազմակերպությունում վարակված անձանց թվի մասին: Այն կազմակերպությունները, որտեղ կանոններին հետևում են, վարակվողների թիվը շատ քիչ է, ասում է:
Ռոմելլա Աբովյան - Ինչը չեմ կարող ասել մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ դպրոցների, նախադպրոցական կազմակերպությունների, հանրային սննդի կազմակերպությունների, մեծածախ-մանրածախ առևտուր իրականացնող և տոնավաճառների մասին, որտեղ ոչ սոցիալական հեռավորություն, դիմակի մասին չենք էլ խոսում:
Ստեղծված իրավիճակից ելնելով, ինչպես նաև քովիդի դեմ պայքարի արդյունավետության մասին պետական մարմիններին ուղղված 200-ից ավելի հարցումների պատասխանները ստանալու համար՝ Ազգային ժողովի Քովիդ քննիչ հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց դիմել օրենսդիր մարմնին՝ լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու համար: