Ադրբեջանում բարձր է հայատյացության և թշնամանքի մակարդակը: Մարդու իրավունքների պաշտպանը ապացույցներ ու փաստեր է ներկայացնում: Արման Թաթոյանը մեջբերումներ է անում Ադրբեջանի նախագահի, զինվորականների ելույթներից: Ալիևն ինքն է ասում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ խոսքերը դարձել են ադրբեջանցիներին ոգեշնչող կարգախոսներ։
Արման Թաթոյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան - Այս մարդը՝ Ադրբեջանի նախագահը, այդ զինվորների, ովքեր կրակում են մեր Սյունիքի սահմանների անմիջական հարևանությամբ կամ ովքեր ճանապարհին են՝ իրենց գերագույն գլխավոր հրամանատարն է չէ՞, ասում է՝ դա մեր ռազմավարական և քաղաքական ուղղությունն է, հետևաբար, այս ամենը սկզբունքային նշանակություն ունի այն հայեցակարգի համար, որ մենք առաջ ենք քաշում:
Արման Թաթոյանն անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջարկում է Սյունիքում ապառազմականացված գոտի ստեղծել, սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում մարդու իրավունքները դնել:
Արման Թաթոյան - Պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ առնվազն 5-7 կիլոմետր տարածությամբ: Այս հարցը միջազգային հանրությանն է, որովհետև սա սկզբունքորեն հակասում է այն ամենին, ինչ իրենք տարիներով ստեղծել են՝ այն ուղեցույցները, կոնվենցիաները, մարդու իրավունքների այդ պահանջներն ամբողջությամբ ջուրն են լցվում:
ՄԻՊ ղեկավարն ասում է՝ Սյունիքի սահմանամերձ հատվածներում սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ են առաջացել: Մարդիկ օրինական փաստաթղթերը ձեռքին՝ չեն կարողանում օգտվել իրենց սեփականությունը հանդիսացող հողատարածքներից: Ըստ Թաթոյանի՝ կադաստրային փաստաթղթերի օգտագործման մասին խոսվում է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հատուկ ուղեցույցներում։
Արման Թաթոյան - Իրականում՝ կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում, հիմքերի հիմքում: Մենք ուսումնասիրել և վեր ենք հանել արդարադատության միջազգային դատարանի դատական պրակտիկա, որը նույնպես նշում է, որ պետք է կադաստրային փաստաթղթերը հիմքում դնել, անգամ դեպքեր ունենք, որ առավելություն պետք է ստանան սահմանների որոշման գործընթացում:
Սյունիքում և Գեղարքունիքում խնդիր է նաև արոտավայրերից, խոտհարկերից ու այգիներից օգտվելու հարցը: Արման Թաթոյանն ասում է՝ դրանք հայտնվել են նշանառության տակ: Միջազգային տարբեր կառույցներում բարձրացրել է այդ հարցերը, խոսել նաև Սյունիքի սահմանային հատվածներում ադրբեջանական սադրանքների մասին: Թաթոյանի խոսքով՝ թշնամական դրոշների ու ցուցանակների առկայությունը վախ են առաջացնում, անհանգստացնում սյունեցիներին.
Մարդու իրավունքների պաշտպանը ներկա պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն չի պատկերացնում: Ասում է՝ մինչև հայատյացությունը, սահմանային հարցերը, գերիների վերադարձի հետ կապված խնդիրները լուծում չստանան, այն իրատեսական չէ։
Արման Թաթոյան - Խաղաղ գոյակցությունը կարևոր նշանակություն ունի, այո, թշնամանքը լավ բան չէ, բայց այս պայմաններում ես չեմ պատկերացնում՝ ոնց է լինելու այդ խաղաղ գոյակցությունը:
Արման Թաթոյանը պնդում է՝ այդ հարցերը պետք է լուծում ստանան, որովհետև առանց դրա միակողմանի խաղաղ գոյակցություն չի լինում: