«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ արտահերթ ընտրությունների մասին քննարկում չի ունեցել. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, թե ԲՀԿ որոշումը կկայացվի քաղխորհրդում:
«Վարչապետի վերջին առաջարկի մասով հանդիպում ու քննարկում չենք ունեցել, որովհետև այս դեպքում պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կայացվի: Այսինքն՝ ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ՝ քաղաքական դիրքորոշում»,- հավելեց Իվետա Տոնոյանը:
Նա չմանրամասնեց, թե ԲՀԿ-ն երբ կքննարկի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի առաջարկը:
«Թե որ պահին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քաղաքական խորհուրդը կանցկացնի հանդիպում և քննարկում վարչապետի առաջարկած հրապարակային օրակարգը քննարկելու նպատակով, կարծում եմ, որ սա բացառապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշելիքը և անելիքն է: Եթե մենք նպատակահարմարությունը չտեսնեինք այդ թեմայով քննարոկւմ անցկացնելու՝ բնականաբար հրապարակային կասեինք, որ մենք այդ քննարկումն անցկացնելու նպատակահարմարությունը չենք տեսնում»,- հավելեց Տոնոյանը: