«Սովորի՛ր ընդհատել». այս խորագիրն է կրում մարտի 5-ին մեկնարկած TEDxYerevanWomen («ԹԵԴ-էքս-Երևան, Կանայք») միջոցառումը: Նպատակն է կանանց ոգեշնչել համարձակ քայլերի՝ դեպի իրենց երազանքներն ու նպատակները, և կայանալու հարթակ դառնալ նրանց համար:
«Մենք պետք է սովորենք ընդհատել: Կանայք այլևս չպիտի սպասեն թույլտվության՝ կրթվելու, գիտության մեջ մտնելու, հավակնություններ ունենալու, իրենց սիրած գործով զբաղվելու և անելու համար այն, ինչ իրենց հետաքրքիր է: Իսկապես շատ կարևոր է, որ մենք այս փիլիսոփայությամբ և մոտեցմամբ սկսենք կրթել մեր աղջիկներին»,- ասաց TEDxYerevan-ի հիմնադիր և արտոնագրված ներկայացուցիչ Քրիստինե Սարգսյանը:
Միջոցառման թեման ոգեշնչված է Ժողովրդավարության ազգային ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Մադլեն Օլբրայթի արտահայտությունից: Օլբրայթը, 1993 թ. լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միակ կին անդամը, հասկացել էր՝ տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում լսելի լինելու համար անհրաժեշտ է ընդհատել:
Քրիստինե Սարգսյանը կարևորեց կնոջ դերն ընտանիք ունենալու հարցում, սակայն հավելեց, որ այն պետք է զուգակցվի աճով, զարգացմամբ, հասարակական ակտիվությամբ և որոշումների կայացման մեջ սեփական մասնակցությամբ:
«Ես միշտ իմ ուսանողներին հարցնում եմ «Ի՞նչ էիր ուզում դառնալ ու հիմա որտե՞ղ ես»: Շատերը թերահավատ են՝ արդյոք կհասնե՞ն իրենց նպատակակետին: Իսկ դա միֆ է: Պետք չէ մտածել, որ դու չես կարող հասնել այնտեղ, պետք է աշխատել այդ ուղղությամբ: Վտանգն իրական է, բայց շատ հաճախ վախը թվացյալ երևույթ է, որը մենք մեր մտքում հնարում ենք»,- ասաց նա:
TedxYerevanWomen միջոցառման խոսնակներն ութն են: Քրիստինեն նշեց, որ նրանք տարբեր մարզերից են, տարբեր ոլորտներից, տարբեր տարիքային խմբերից, հաջողության տարբեր պատմություններով ու տարբեր գաղափարներով:
«Կարևոր է, որ հարթակը կայացած կանանց ցուցադրի: Մենք ուզում ենք, որ մեր երիտասարդ սերունդը տեսնի կանանց որակյալ մոդելներ»,- ասաց նա և հավելեց՝ «Մենք կարող ենք երկար փիլիսոփայել, տարբեր ծրագրեր իրականացնել համալսարաններում, բայց աշխարհում օրինակներից լավ կրթություն չկա: Մարդիկ այդպես ոգեշնչվում են ու մեծ քայլերի դիմում»:
TEDxYerevan-ի հիմնադիրը կարծիք հայտնեց, որ կարծրատիպերը շատ հաճախ սահմանափակում են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց իրավունքները, այնինչ իրականում պետք է գործի հավասարության սկզբունքը: Դա հարգանք է մարդկային տեսակի և առողջ հավակնությունների նկատմամբ:
TEDxYerevanWomen-ն առաջինն է թեմատիկ առումով և առաջին անգամ անցկացվում է առցանց ձևաչափով: Վերջինս, Քրիստինեի պնդմամբ, չի ազդել միջոցառման հանդեպ հետաքրքրության վրա: Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սպասվում է մեկ այլ միջոցառում, որի էպիկենտրոնում լինելու են գիտական, գյուղատնտեսական, տեխնոլոգիական ոլորտները: Քրիստինեն լիահույս է, որ հաջորդ հանդիպումը կլինի իրական ռեժիմով:
Հեղինակ՝ Հռիփսիմե Հայրապետյան