Հռոմի պապը առաքելական այցով Իրաքում է: Սրբազան քահանայապետը լինելու է Բաղդադում, Նաջաֆում, Ուր հարթավայրում, որը կապ ունի Աբրահամի վերաբերյալ հիշողության հետ, ինչպես նաև Էրբիլում, Մոսուլում և Քարաքոշում:
Մարտի 5-ի առավոտյան Բաղդադն արթնացել է անվտանգության խստագույն կանոններով. Իրաքում է կաթոլիկ աշխարհի 84-ամյա առաջնորդը: Նրան դիմավորել է Իրաքի վարչապետ Մուստաֆա Աբդ Ալ Քազեմին:
Աշխարհի համար սա պատմական այց է՝ կրոնական երկխոսության բացառիկ հնարավորություն: Վերջին 20 տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն քրիստոնյա է փախուստի դիմել «Արևելյան եկեղեցիների» ծննդավայրից: Մինչև 2003 թվականը Իրաքում քրիստոնյաների թիվը մոտ 1,6 միլիոն էր, այժմ նախնական տվյալով՝ 300 հազար։ Այցից առաջ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է՝ իր այցով Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի երազանքն է կատարելու, որը, չնայած մեծ ցանկությանը, չի կարողացել հասնել Իրաք:
Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) - «Մենք չենք կարող երկրորդ անգամ հիասթափեցնել ժողովրդին: Եկեք աղոթենք, որ այս ուղևորությունը լավ անցնի»:
Որպես խաղաղության և հույսի ուխտավոր՝ Հռոմի պապն իր առաքելական ուղևորությանը հենց այս բնորոշումն է տվել:
Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) - «Ձեզ մոտ կգամ՝ որպես խաղաղության ուխտավոր, որ կրկնեմ՝ դուք բոլորդ եղբայրներ եք: Այո, գնում եմ որպես խաղաղության ուխտավոր՝ եղբայրության որոնումներով՝ ոգեշնչված միասին աղոթելու և միասին գնալու ցանկությամբ, այդ թվում՝ մյուս դավանանքների եղբայրների և քույրերի հետ»:
Սրբազան քահանայապետի այցելությունը խիստ կարևոր է Իրաքի քրիստոնյաների համար, որոնց ժառանգությունն այստեղ սկիզբ է առել հին Բաբելոնի ժամանակներից՝ գրեթե 4000 տարի առաջ: Վերջին տարիներին նախ «Ալ Քայիդա», այնուհետև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի քրիստոնյաների նկատմամբ իրականացված համակարգված հետապնդումը տասնյակ հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառ է դարձել և սպառնում է համայնքի գոյությանը:
Ամեր Աբդելահադ (Էրբիլում բնակվող քրիստոնյա) - «Բազմաթիվ քրիստոնյաներ ուղղակի փախել են Իրաքից, մի մասն էլ պատրաստվում է, բայց հավատում ենք, որ այս պատկերը կփոխվի հովվապետի այցից հետո: Այս այցի հետ մենք մեծ հույսեր ենք կապում՝ հավատալով, որ դրանից հետո Իրաքում քրիստոնյաների կյանքը փոքր-ինչ կբարելավվի ու ավելի խաղաղ կդառնա»:
Իրաքի քրիստոնյաները պապի այցին շուքով ու պատասխանատվությամբ են պատրաստվել՝ մաքրուհուց մինչև հոգևորական, շինարարից մինչև երաժիշտ: Հոգևոր երգերն ու աղոթքները իտալերեն մատուցելու համար էլ երաժիշտներն ու հոգևորականները մի քանի ամիս պատրաստվել են, բայց վստահեցնում են՝ գործընթացից հաճույք են ստացել, այսօր արդեն պատրաստ են դիմավորել հովվապետին:
Նաջաֆում էլ Վատիկանի առաջնորդի պատմական այցին պատրաստվել սկսել են ամիսներ առաջ: Հատուկ տպագրատներ արդեն մի քանի շաբաթ է՝ Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Ալի աս Սիստանիի և Հռոմի պապի նկարներով պաստառներ են ձևավորել, տպագրել ու փակցրել Նաջաֆում:
Ալի Քաշեֆ (շիա հոգևորական) - «Հռոմի պապի այցելությունը ևս մեկ ապացույց է, որ կրոնների միջև պետք է երկխոսություն լինի: Քրիստոնյաները, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, շարունակում են ապրել ու արարել Իրաքում»:
Փողոցի հարցախույզի մասնակից. «Սա ավելին է, քան այցը, սա պատմական իրադարձություն է: Շիաների առաջնորդը մեզ միշտ ասել է՝ պետք է ապրել հաշտ ու համերաշխ բոլորի հետ: Մենք հավատացած ենք՝ Հռոմի պապի այցով մեր երկրում խաղաղություն է տարածվելու»:
Պապի քառօրյա այցի անվտանգության ապահովման գործում ներգրավված է ավելի քան 10.000 աշխատակից: Աշխարհը մտահոգ է հովվապետի անվտանգության համար, դեռ դեկտեմբերին՝ այցի մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց, աշխարհի տարբեր կողմերից մտահոգություններ հնչեցին Հռոմի պապի անվտանգության ապահովման առումով: Վերջին երկու ամսում Իրաքում ավելացել են քաղաքացիական անձանց վրա հարձակումներն ու մարդաշատ վայրերում սպանությունները:
Աբդուլ Ամիր Ալ-Շամմարի (Իրաքի հատուկ գործողությունների հանձնակատարի տեղակալ) - «Մենք հաշվի ենք առնում ցանկացած մանրուք ու պատրաստ ենք անգամ ծայրահեղ սցենարների: Բծախնդրորեն մշակվել է այցի ամբողջ ընթացքը: Սա լուրջ մարտահրավեր է մեզ համար: Կորոնավիրուսով պայմանավորված՝ հիմա երկրում տեղաշարժման լուրջ սահմանափակումներ կան, գործում է պարետային ժամ, դա մի փոքր հեշտացնում է մեր գործը»:
Անվտանգություն ապահովող անձնակազմը մանրամասնել է՝ Հռոմի պապի այցի ընթացքում երկինքը պաշտպանված է լինելու անօդաչու թռչող սարքերով, գործողություններում ներգրավված են մեծ թվով հակաահաբեկչական ստորաբաժանումներ: