ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց, որ երկու օր քննարկվում է շատ կարևոր օրակարգ, որի արդյունքում որոշ մարդիկ փորձում են ստեղծել ֆոն, որ քաղաքական մեծամասնության քննադատությունները վերաբերում են ողջ իրավական հանրույթին: Պատգամավորը պաշտոնապես հերքեց դա:
«Իրավական հանրույթի մեջ կան բազմաթիվ արդար, ազնիվ, հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալներ, որոնք իրենց գործունեությունը միշտ իրականացրել են Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան: Ես դեռևս մանկուց միշտ շփումներ եմ ունեցել իրավական հանրույթ ներկայացնող մարդկանց հետ: Այդ հանրույթից ունեմ ընտանիքի անդամներ, բարեկամներ, հարազատներ, և շատ կարևոր է, որ մենք այս ամբողջ գործընթացի մեջ թացը չորի հետ չխառնենք և ֆիքսենք, որ մեր դատաիրավական համակարգում կան դատավորներ, որոնք պարկեշտության մարմնացում են և իրենց գործունեությամբ միշտ եղել են ամենաարդար իրավիճակում և կայացրել են իրենց խղճին, պատվին, երդմանը համապատասխան որոշումներ»,- ասաց պատգամավորը:
Հակոբյանը հարց ուղղեց և պատասխանեց իր տված հարցին: «Ինչո՞ւ այս երկրում տեղի ունեցան 2018-ի իրադարձությունները: Կա մեկ պատասխան՝ այդ փոփոխությունները տեղի են ունեցել առաջին հերթին հենց արդարության հաստատման, արդարադատության 100-տոկոսանոց վերականգնման և կիրառման, ՀՀ քաղաքացիների համար դատաիրավական ոլորտում 100-տոկոսանոց օրենքին համապատասխան պաշտպանություն ստեղծելու համար:
Ես ուզում եմ, որ մենք այսօր ընդունենք, որ 2.5-3 տարի անց մեզ ամբողջովին չի հաջողվել այդ գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին: Մենք այս հարցը պետք է տանք առաջին հերթին մեզ՝ իշխող մեծամասնությանը, քաղաքական ընդդիմությանը, դատաիրավական հանրույթը ներկայացնող հարգարժան գործընկերներին: Մեզ չի հաջողվել 100 տոկոսով ստեղծել այնպիսի համակարգ, որը չի կարող տրվել որևէ սադրանքի, և նրա վրա որևէ ուժ չկարողանա ազդեցություն ունենալ: Ես լիահույս եմ, որ մենք հասնելու ենք դրան, որովհետև սա ՀՀ քաղաքացիների պահանջն է և իշխող թիմի նպատակներից մեկը: Ես վստահ եմ՝ պարկեշտ, ազնիվ դատավորների ամենանվիրական երազանքն է, որ մենք ունենանաք այդպիսի համակարգ»,- ասաց պատգամավորը: