Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով՝ նախագիծը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի երրորդ միջոցառմանը, որի ընթացքում շուրջ 800 տնտեսվարողներ վարկավորվել են շուրջ 9 միլիարդ դրամի չափով:
«Անհրաժեշտություն է առաջացել մի փոքր ճկունություն մտցնել վարկային սխեմայի պայմանների մեջ, որովհետև տնտեսվարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ պայմաններից: Տնտեսական ճգնաժամի երկարացմանը զուգընթաց՝ այդ կարիքը առաջացել է: Որևէ ազդեցություն բյուջեի վրա չունի, բայց էապես թեթևացնում է վարկի պայմանները և թույլ է տալիս, որ մեր գործընկերներն ունենան ավելի անկաշկանդ աշխատելու հնարավորություն»,- նշեց Քերոբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն: