Այսօր կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը: Վարչապետն անթույլատրելի է համարել զինված ուժերի գլխավոր շտաբին առնչվող խնդիրն արտահերթ ընտրության հետ կապելը՝ ընդգծելով զինված ուժերի ապաքաղաքական լինելու սահմանադրական նորմը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասել է, որ համաձայնության չեն եկել, և բանակցությունների երկրորդ փուլ է լինելու:
Մոտ 50 րոպե փակ դռների հետևում բանակցությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ որևէ հարցի շուրջ այսօր համաձայնության չեկան՝ հանդիպումից հետո հայտնեց «Լուսավորի» ղեկավարը։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վարչապետն ասել է, որ գլխավոր շտաբի խնդիրն արտահերթ ընտրությունների հետ չի կապում, մինչդեռ, իրենց համոզմամբ՝ պետք է հանգիստ թողնել զինված ուժերը, գնալ ընտրության, ապա որոշումներ կայացնել։
Արտահերթ ընտրություն անցկացնելու պատրաստակամության մասին վարչապետը երկրորդ անգամ հայտարարեց մարտի 1-ի հանրահավաքին ու խորհրդարանական ուժերին հրապարակային հրավիրեց քննարկման: Դրա նախորդ օրն էլ Մարուքյանն էր խոսել հուշագիր կնքելու ու ընտրության գնալու թեմայից՝ նախապայմանով, որ Փաշինյանը հրաժարվի գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու մտադրությունից: Զինված ուժերի շուրջ զարգացումները գումարվել են երկրում եղած ճգնաժամին, ու իրավիճակը կարող է հանգեցնել բախումների՝ այսօրվա հանդիպմանը կրկին պնդեց Մարուքյանն ու առաջարկեց կանգնեցնել բանակ-կառավարություն հակամարտությունը։
Արտահերթի թեմայով քննարկումները շարունակելու առիթը, ըստ վարչապետի, հենց Մարուքյանի առաջարկն էր, Փաշինյանը հույս ունի՝ կգան ընդհանուր հայտարարի։
Քաղաքական ուժերի պայմանավորվածության երաշխավորն էլ կարող է դառնալ հանրապետության նախագահը՝ ասաց վարչապետը, նշեց՝ այս հարցում նրա կարծիքն էլ կլսեն։ Փաշինյանը նորից շեշտեց՝ երկրում տիրող քաղաքական իրավիճակը պետք է ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ։
Բանակցությունները շարունակելուն կողմ է նաև «Լուսավորի» ղեկավարն ու ընդգծում է, միայն համապարփակ քննարկումները կարող են արդյունք տալ:
Արդյոք «Լուսավորը» կարո՞ղ է հետ կանգնել իր նախապայմանից քննարկումների երկրորդ փուլում՝ հանդիպումից հետո լրագրողների հարցին ի պատասխան Մարուքյանը դեռ կանխատեսում չարեց, ասաց՝ հույս ունի՝ Փաշինյանն այս ընթացքում իր առաջարկների շուրջ կմտածի։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ կառավարությունն էլ իր նախապայմանն ունի՝ հուշագրի ստորագրումը։
Իսկ թե ե՛րբ կհանդիպեն Փաշինյանն ու Ծառուկյանը՝ դեռ հայտնի չէ։