Դեկտեմբերի 31-ից թուրքական ապրանքների ներկրման արգելքը դրական է անդրադարձել հատկապես տեքստիլի ու լոլիկի արտադրության վրա։ էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Սովորաբար վեց ամիսը քիչ է, որպեսզի մարդիկ կարողանան արտադրություն հիմնեն, արտադրանք ստեղծեն և այդ արտադրանքը շուկայում ամրապնդեն և մենք՝ որպես բիզնեսի շահերը պաշտպանող նախարարություն, գիտենք, որ առնվազն վեց ամիս պետք կլինի երկարաձգել։
Արգելքից ընդամենը երկու ամիս անց տեքստիլի արտադարությունն անմիջապես գրավեց թուրքականի բացը։ Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով, այլ աջակցության նոր գործիքներով։ Եթե մի քանի ամսից նորից թույլատրվի թուրքական ապրանքի ներմուծումը, այդ ժամանակ շուկայում վերադասավորվող ընկերությունները զգալի վնասներ կկրեն՝ վստահ է էկոնոմիկայի նախարարը։
Վահան Քերոբյան - Տեքստիլ ոլորտը, օրինակ՝ շատ լավ ա սկսել իրեն զգալ։ Նույնիսկ հայկական մանրածախ ցանցերը, որ առաջ վաճառում էին թուրքական ապրանք, զարմացած են, որ Հայաստանում կա թուրքական ապրանքների փոխարինող՝ ավելի լավ որակի և ավելի լավ գնի առաջարկներ։
Թուրքական ապրանքների արգելքի որոշումով պարզվեց, որ Հայաստանում ջերմոցաշինության վրա ծախսված գյուղաջակցության պետական ֆինանսավորումն արդարացված էր՝ հավաստիացնում է նախարարը։ Յուրաքանչյուր տարվա այս շրջանում հատկապես թուրքական էժան լոլիկի ներմուծումը հուսախաբ էր անում տեղի ջերմոցատերերին։
Վահան Քերոբյան - Անթալիայի շրջանի ապրանքները իրականում էներգիայի ավելի քիչ սպառումով են արտադրվում, հետևաբար գնային առավելություն ունեն։
Թեև տեղական լոլիկի գինը բարձր է, սակայն նախարարը վստահ է՝ որոշ ժամանակ հետո ծավալների ավելացումը կբերի գների նվազման։ Որոշ բարդություններ ունեն այլ ապրանքներ ներկրողները։ Վահան Քերոբյանը համոզված է՝ շինարարության ոլորտում առաջացած խնդիրները լուծելի են՝ շինանյութի այն խմբաքանակը, որը ներմուծվում էր Թուրքիայից, կարելի է փոխարինել ԵԱՏՄ երկրներից, Իրանից, Չինաստանից բերվածով: