«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում ստորագրություն է տվել՝ չհեռանալու մասին: Ըստ իրավապահների, փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում ընդդիմադիր Մանուկյանն իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել. նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով: Հարցաքննությունից առաջ Վազգեն Մանուկյանը հայտարարել է.
Վազգեն Մանուկյան, «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի թեկնածու - Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն, թե այդ նախադասություններն ինչ են նշանակում: Ես ինքս ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ: Իսկական քաղաքական հետապնդում է:
Մանուկյանը հանրահավաքների ժամանակ իշխանությունն ապստամբությամբ վերցնելու կոչեր էր արել: Փետրվարի 20-ին ասել, որ 100.000 մարդ էլ հավաքվի, Փաշինյանն ինքնակամ իշխանությունը չի թողնի, ուստի պետք է ջարդել այն հենարանները, որն ունի:
Վազգեն Մանուկյան - Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:
Հունվարի 26-ին ևս Արարատում քաղաքացիների հետ հանդիպմանը Մանուկյանն ասել է, եթե իշխանությունը սահմանադրական ճանապարհով չհեռանա, իրենք Փաշինյանին կհեռացնեն ապստամբությամբ:
Վազգեն Մանուկյան - Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով իշխանություն փոխելն առանց ֆիզիկական բռնության:
Պարզվում է՝ շարժման վարչապետի միասնական թեկնածուն պատերազմի օրերին գործնական քայլերի է դիմել: Իր իսկ պնդմամբ, զանգել է գեներալներին ու հորդորել իշխանությունը վերցնել և չկատարել Փաշինյանի հրամանները: Իսկ դեկտեմբերի 22-ին Ազատության հրապարակում հայտարարել.
Վազգեն Մանուկյան - Կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին և կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամ կարևոր է, և դուք ձեզ կարդարացնեք դրանով: Մի թողեք, որ ժողովուրդը հավաքվի օրերով: Անցեք մեր կողմը: Այսօր կլուծենք հարցը:
Վազգեն Մանուկյանն ընդվզելու կոչով դիմել է բանակին նաև փետրվարի 26-ին: Ասել, որ եթե անհրաժեշտություն լինի, կգնան պատգամավորների հետևից ու նրանց կարծիքներում, դիրքորոշումներում կփորձեն բան փոխել:
Վազգեն Մանուկյան - Ոչ մի անօրինական հրաման բանակը չի կարող կատարել: Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թփրտալ: 88 թվին մենք ուզում էինք գերագույն խորհրդի նիստ լիներ, պատգամավորները չեկան: Հատ-հատ բոլորին տներից հանեցինք, բերեցինք նիստի. նույնը կանենք հիմա:
Դեռ պատերազմի ընթացքում բանակին ընդվզման կոչով դիմած ընդդիմության թեկնածուն խոսել է նաև ոստիկանության գործողությունների մասին՝ ասելով, որ հերթը նրանց է հասել.
Վազգեն Մանուկյան - Մենք մեր իրավունքները պետք է կոշտ պաշտպանենք ոստիկանությունից, բայց նրանք մեր եղբայրներն են, մենք իրենց նաև պետք է բացատրենք, ով որ չհասկացավ բացատրությունը, նոր կորոշենք նրանց հետ ինչպես վարվել:
Վազգեն Մանուկյանին առաջադրված՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքն ապացուցվելու դեպքում պատիժը նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանքն է կամ կալանքը՝ երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Ընդդիմության վարչապետի թեկնածուն մեղադրանքը չի ընդունում, ասում է՝ չի էլ անհանգստանում: