Մինչև քվեարկությունը պատգամավորներն իրենց ելույթներում ԲԴԽ նախագահին մեղադրել են քաղաքական գործունեություն ծավալելու համար, որը մեծ վնաս է հասցրել դատական համակարգի հեղինակությանը: Նրանց խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանն ուղղորդել է դատավորներին:
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն գիտի գործընկերոջ՝ համակարգից հեռանալու պատճառը, ամաչում է, որ դատավոր է: Խնդրեց պատգամավորներին՝ դատավորներին չդասակարգել: Պատգամավորները հակադարձեցին՝ դատավորներին, առաջին հերթին, Ռուբեն Վարդազարյանն է դասակարգել: Հայկ Կոնջորյանը, որպես օրինակ, հիշեցրեց ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի՝ վնգստացող դատավորների և պրոֆեսիոնալների համեմատությունը:
Հայկ Կոնջորյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Եվ այդ մարդը մնացել է երկու աշխարհների արանքում: Այսօր հանդիսանում է ԲԴԽ-ի ղեկավարը, և հենց Ռուբեն Վարդազարյան է, որ դասակարգել է դատավորներին, նա է հանդիսանում դատական համակարգի խարանը:
«Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ՝ ԲԴԽ նախագահը նոյեմբերի 15-ի հայտարարությամբ մեծ վնաս է հասցրել դատական համակարգի հեղինակությանը: Այդ քայլով ի ցույց դրել, թե ինչպիսին պետք է չլինի դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարը;
Հերիքնազ Տիգրանյան. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Այս գործողությունը կատարելիս Վարդազարյանը գերազանցել է իր լիազորությունները, իր հայտարարությամբ հատել է քաղաքական չեզոքության սահմանագիծը՝ հստակ ուղղորդելով դատավորներին, թե ինչպես վարվել կոնկրետ գործեր քննելիս:
Արեն Մկրտչյանը հիշեցրեց՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն ԱԺ նախագահի հանդեպ տեղի ունեցած մահափորձի մասին հարցին ի պատասխան Վարդազարյանն ասել է՝ տեղյակ չէ, թե ինչու մինչև այսօր ոչ ոք չի կալանավորվել:
Արեն Մկրտչյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Եթե ամբողջ երկիրը տեղյակ է, դուք տեղյակ չեք, հարց է առաջանում՝ երկրի ԲԴԽ նախագա՞հն եք, Շիրազը կասեր՝ ո՞րն է, բաբո, քո հայրենիքը
Մխիթար Հայրապետյանը խոսեց, իր ձևակերպմամբ, Վարդազարյանի ստերից՝ առանձնացնելով երկուսը: Սուտ է, որ նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում և սուտ է, որ նա չի լինելու քաղաքականության մեջ: Պատգամավորի համոզմամբ՝ Վարդազարյանի հայտարարությունը մի քանի շերտ ունի. դա ուղերձ էր դատավորներին և ջարդարարներին, վրեժ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Մխիթար Հայրապետյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Երբ ասում եմ սա վրեժ էր Նիկոլ Փաշինյանից, ուղիղ եմ ասում, շատ կոնկրետ ասում է՝ պարոն վարչապետ, երկու տարի համբերել ենք, սպասել ենք, թե երբ է գալու այս օրը, օրը եկել է, և սա է մեր պատասխանը՝ սրանից բխող գործողություններով: Ասում է դատավորներին՝ ես ձեզ տանիք եմ, գնացեք կայացրեք զյդ որոշումները, իսկ ուղերձը ջարդարարներին, որ դուք չեք պատժվելու: Այդպես էլ կա, քանի՞սն են պատժվել:
Հայրապետյանը սուտ է համարում, թե Վարդազարյանի հայտարարությունն անձնական էր: Այդ դեպքում ինչո՞ւ էր ԲԴԽ լուսանկարը տեղադրվել, ոչ թե՝ իր: Պատգամավորը վստահեցնում է, որ ԲԴԽ նախագահը տպավորություն է ստեղծել, որ հայտարարությունն ամբողջ խորհրդի անունից է, բայց կարծում է, որ շատերը նույնիսկ տեղյակ չեն էլ եղել:
Մխիթար Հայրապետյան - Հետևաբար, սիրելի գործընկերներ, Վարդազարյանին հայտարարում եմ ընդդիմադիր գործիչ, իրեն կոչ եմ անում համապատասխան դիրքավորվել:
Ելույթի վերջում Մխիթար Հայրապետյանն ասաց, որ կապ չունի՝ իրենք կլինեն իշխանության, թե ոչ, Վարդազարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի: