Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի համոզմամբ՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դասակարգել է դատավորներին և դա արել է ամենաբարձր մակարդակով, որովհետև նա, ըստ պատգամավորի, քաղաքական փոթորիկների, երկրում ստեղծված օրհասական վիճակում արել է քաղաքական հայտարարություն:
«Հենց այդ պահից դատավոր Վարդազարյանը ներխուժել է քաղաքականության դաշտ և այդ պահից դադարել է լինել դատավոր և միաժամանակ չի էլ դարձել քաղաքական գործիչ: Այդ մարդը, որ մնացել է այդ երկու աշխարհների արանքում, այսօր հանդիսանում է դատական իշխանության՝ ԲԴԽ-ի ղեկավարը: Հենց Ռուբեն Վարդազարյանն է, որ դասակարգել է դատավորներին, որ այսօր հանդիսանում է ՀՀ դատական համակարգի խարանը»,- ասաց պատգամավորը:
Կոնջորյանի խոսքով՝ եթե բոլոր պարկեշտ դատավորները ցանկանում են այդ խարանից օր առաջ ազատվել, ապա դատական համակարգը ինքը պետք է ինքնամաքրվի:
«2018 թվականից հետո Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն, և մենք որոշել ենք պատռել այն սավանը, որով մենք միշտ ծածկում էինք պրոբլեմները, այդ թվում՝ դատական համակարգի պրոբլեմները: Երբ մենք որոշել ենք, որ դատավորների հետ ստվերային գործարքների մեջ չենք մտնելու, մենք որոշել ենք նաև, որ այս ամբիոնում պետք է բաց տեքստով խոսենք իրար հետ, և դա միշտ ռիսկ է, որովհետև ազատությունը, ժողովրդավարությունը ռիսկ է, բայց թափանցիկությունն է ժողովրդավարության գինը: Յուրաքանչյուրս պետք է գանք կանգնենք այս ամբիոնի մոտ և պաշտպանենք մեր արժանապատվությունը, պատիվը»,- ասաց Կոնջորյանը:
Պատգամավորը շեշտեց, որ պատրաստ է ամբիոնից մեծարել բոլոր այն դատավորներին, որոնք առաջին հերթին մեծարում են իրենց աշխատանքը, բայց չի կարող մեծարել այն դատավորին, որն ապականում է իր աշխատանքը:
«Ես չեմ կարող մեծարել Ռուբեն Վարդազարյանին, որը երեք օր շարունակ վիրավորեց բոլորի բանականությունն այս ամբիոնից, որը երեք օր շարունակ տեռորի ենթարկեց դատական համակարգի հեղինակությունը»,- ասաց պատգամավորը: