Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին առանձնապես խոշոր չափերի հերոինի և ափիոնի ապօրինի շրջանառության վերաբերյալ։
Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Համագործակցված ու պրոֆեսիոնալ միջոցառումների արդյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից Շվանիձոր տանող ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին և 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն։
Թմրամիջոցներով փաթեթները պարկի մեջ էին, պարկն էլ թաղված էր։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, թե ում համար էին թմրամիջոցները բերվել։ Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին չորս անձի, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի։
Բերման ենթարկվածները ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: