Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց, թե ինչ փուլում են շինարարական աշխատանքները սահմանամերձ համայնքներում:
«Չինարիում բնակելի տունն արդեն ծածկված է, հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Տրամադրվող շուրջ 30 միլիոնով կավարտվեն ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները»,- նշեց Ղուլարյանը՝ հավելելով, որ մինչև աշուն աշխատանքները կավարտվեն:
Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ են՝ զեկուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով: Այս հատկացումներով կվճարվեն կատարված աշխատանքների դիմաց, և կիրականացվեն մյուս աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ:
«Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, հիմա ընթանում են պայմանագրերի կնքման աշխատանքները նախագծողի, շինարարի և տեղհսկողի հետ, իսկ ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են, շինարարությունն ընթանում է: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ, կմեկնենք տարածք ու կակտիվացնենք աշխատանքները, որ մինչև տարվա վերջ բնակելի տները պատրաստ լինեն»,- նշեց Ղուլարյանը: