ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է Վայոց ձորի մարզից Արցախյան երրորդ պատերազմի մասնակից զինծառայողներին և կամավորականներին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահների կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ ՊՆ 4-րդ ԲԿ հրամանատարը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ:
Միջոցառումն սկսել է ՀՀ օրներգի հնչյունների տակ, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում նահատակված վայոցձորցիների հիշատակը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բացման խոսքում նշել է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված վայոցձորցի զինծառայողները և կամավորականները ցուցաբերել են խիզախություն, գործել անհավանական սխրանքներ՝ պաշտպանելով մեր երկրի սահմանները և հայրենի օջախները:
«Մենք պարտավոր ենք մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը վերածել կայուն խաղաղության, մեր սրբազան պարտքն է՝ շարունակել նրանց գործը, շենացնել մեր օջախներն ու հայրենիքը՝ ապահովելով գալիք սերունդների խաղաղ ու ապահով կյանքը»,- ասել է մարզպետը:
Արարատ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել միշտ լինել զոհված հերոսների ընտանիքների կողքին, հաղորդակից լինել նրանց խնդիրներին և հայտարարել, որ միջոցառումից հետ կընդունի բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան հանդիպելու և խոսելու իրենց խնդիրների մասին: Ես ձեր ընտանիքների հավերժ բարեկամն եմ ու միշտ ձեր կողքին եմ՝ ասել է Արարատ Գրիգորյանը:
«Հավերժ հիշատակ պատերազմում նահատակված վայոցձորցի մեր զավակներին և փառք ու պատիվ ձեզ, որ այդպիսի քաջասիրտ հերոսներ ու հայրենանվեր զավակներ եք դաստիարակել: Անվտանգ ու բարի ծառայություն հայոց բանակին ու հայ զինվորներին»,- խոսքն այսպես է ավարտել Արարատ Գրիգորյանը:
Այնուհետ մարզպետը հետմահու ստացած պարգևները հանձնել է զոհված զինծառայողների և կամավորականների հարազատներին: Իսկ միջոցառումից հետո Արարատ Գրիգորյանն անհատական հանդիպում է ունեցել բոլոր ցանկացողների հետ: