Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծում, գերիների գլխատում, դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակում, տեղահանություն, պատմամշակութային կոթողների ոչնչացում: Ականանետային, հրթիռահրետանային միջոցների, ԱԹՍ-ների կիրառման հետևանքով Արցախի շուրջ 70 տոկոսը հարվածների է ենթարկվել... Սա ամենը չէ:
Պատերազմի հաջորդ օրվանից Քննչական կոմիտեում ստեղծված հատուկ խումբը Արցախում այս բոլոր ուղղություններով լայնածավալ աշխատանք է տարել:
Ռաֆայել Վարդանյան (Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ) - Արցախի շուրջ 170 բնակավայրեր՝ համայնքներ, դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկվել, որի հետևանքով ունենք քաղաքացիական բնակչության շրջանում առնվազն զոհված 73 և վնասվածքներ ստացած 150-ից ավելի անձինք:
Քննչական կոմիտեի քննության առարկա են դարձել նաև համացանցի տեսանյութերը, որոնցում կտտանքների և սպանության դեպքեր են: Բոլորով քրեական գործեր են հարուցվել: Կան նաև բացահայտված դեպքեր, օրինակ՝ 80-ամյա արցախցի Յուրի Ասրյանի սպանությունը, նրա գլխատումը ադրբեջանցիները համացանցում հպարտությամբ տարածեցին, ինչից հետո Քննչական կոմիտեն պարզեց Ադրբեջանի զինված ուժերի այն զինծառայողի ինքնությունը, որը մասնակցել է այդ հանցագործությանը:
Ռաֆայել Վարդանյան - Որոշում է կայացվել տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու ու հետախուզում հայտարարելու մասին: Ընդհանուր հարուցված քրեական գործերի քանակը 100-ից ավելի է:
Ռաֆայել Վարդանյանը ընդգծեց՝ իրականացված ագրեսիայի հետևանքով արցախցի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից: Հարձակումներից վնասվել են 71 դպրոց ու 14 մանկապարտեզ:
Ռաֆայել Վարդանյան - Կրթության իրավունքից զրկվել են շուրջ 24.000 անձ, 23.978 դպրոցական տարիքի երեխա, ինչպես նաև 4036 նախադպրոցական տարիքի երեխա:
Բացի այդ, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան քաղաքներում շուրջ 7000 շենք-շինություն է վնասվել, ընդհուպ մինչև ամբողջությամբ ավերվել: 90880 անձ բռնի տեղահանվել է ու տուժող ճանաչվել:
Ռաֆայել Վարդանյան - Այս պահին ունենք շուրջ 16 միլիարդ դրամի պարզված վնաս, դա ամբողջական թիվը չի, դա էս պահին պարզված գույքային վնասի մասին է խոսում:
Մշակույթի դեմ ագրեսիայի մասին: Ադրբեջանցիները դիտավորյալ թիրախավորել են Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հայկական մշակույթի 1456 նշանավոր հուշարձան, այդ թվում՝ 161 վանք ու եկեղեցի, 591 խաչքար:
Ռաֆայել Վարդանյան - Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր, նաև նրանց վերահսկողության տակ են անցել 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով:
Բազմաթիվ տվյալներ, փաստեր, ապացույցներ են ձեռք բերվել, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ակտիվ մասնակցել է պատերազմին, նաև սիրիացի վարձկաններ են մարտի դաշտում եղել, երկուսի մասով մեղադրանք է առաջադրվել: 30-ից ավելի արաբ վարձկանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Քննությամբ ապացուցվել է՝ 12 ահաբեկչական խմբավորման մոտ 4000-ից ավելի զինյալ ահաբեկիչ է մասնակցել Ադրբեջանի բանակի կազմում: