Մենք բոլորս պետք է հոգ տանենք դատավորի անկախության և իրավունքի վերաբերյալ, քանի որ մեր երկրում օրական 500-600 դատական գործ է քննվում: Մոտ 1200 քաղաքացի ամեն օր նիստերի դահլիճում նայում է մեջտեղում նստած անձին, որն իր սահմանադրական իրավունքն է: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:
«Այսօր որևէ դատավոր իրավունք չունի հրապարակային խոսել, քանի որ դուք արգելել եք նրանց խոսել սահմանադրական օրենքով, դա, իհարկե, արդար նպատակ է: Շատ փաստաբաններ այսօր չեն ցանկանում դատավոր դառնալ: Ինչո՞ւ: Մենք պետք է մեծարենք դատավորին, ոչ թե անուն-ազգանունը, այլ անկախ դատարան ունենալու մեր իրավունքը: Դուք Դատական օրենսգրքով տվել եք՝ ով է դատավորը: Ինչքան մեծարենք դատավորին, այնքան դատավորները ինքնամաքրման գործընթացների մեջ ավելի շուտ կմտնեն և դուրս կգան պաշտպանական շապիկից, որը գոյություն ունի»,- ընդգծեց Մկրտչյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ իրապես այդ խնդիրը կա. «Դուք լրջագույն հարցի անդրադարձաք: Որևէ տեսակետ չի կարող համապարփակ լինել որևէ խնդրի շուրջ, կան նրբերանգներ, որոնք մեդալի երկրորդ կողմ ունեն: Սակայն մենք պետք է ձեզ հետ համաձայնենք, պետք է մենք էլ, դուք էլ բոլոր ջանքերը գործադրենք, որ դատավորները համապատասխանեն ձեր իսկ մեջբերած վարքագծի կանոններին, և դատավորը մեծ պատկառանքի արժանանա հանրության կողմից»: