Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 22-ի N 1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառմանը, որը վերաբերում էր տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցման նախագծին:
«Ընտրված ընկերությունների շրջանակը բավականին նեղ է եղել, և նախատեսված 250 միլիոն օժանդակության ծրագրից ընդամենը մոտ 36 միլիոնն է տրվել շահառուներին: Այժմ մի փոքր ընդլայնում ենք շրջանակը՝ ընդգրկելով նաև մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ դասիչի ներքո աշխատող ընկերություններին, որովհետև նրանք նույնպես տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններ են»,- նշեց Քերոբյանը՝ հավելելով, որ շտկումներ են իրականացվել նաև գրանցման և ընկերությունների գործունեության ծավալման ժամանակահատվածի մասով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: