Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահից, թե ինչու դահլիճում չէ ԲԴԽ նախագահը, որը երեկ ներկայացրել էր դատավորի թեկնածուներին, ապա հավելեց:
«Երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո «օրենքով գողեր» են կապվել ինձ հետ՝ սպառնալից հայտարարություններով: Իհարկե հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից, այդ թվում՝ ԲԴԽ-ի: Զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, դուք իմ վախը վաղուց բռնել եք: Ես 3,5 տարի անազատության մեջ գտնվելով՝ «օրենքով գողերի» հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել, այնպես որ, վե՛ր ընկեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք. կգանք ձեր հետևից»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահն արձագանքելով՝ ասաց, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ըստ էության, թեկնածուներին ներկայացնելուց հետո նեղ ընթացակարգային առումով այլևս անելիք, գործառույթ հարցի քննարկման այս փուլում չունի և կարող է նաև բացակայել այս նիստից:
«Անշուշտ, մեր պրակտիկայում և, կարծում եմ, մինչև մեզ եղած պրակտիկայում այնպես է եղել, որ հարց ներկայացնողը գուցե էթիկական տեսանկյունից մինչև վերջ ներկա է եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, սակայն գործառութային, ընթացակարգային առումով այլևս պարոն Վարդազարյանը որևէ անելիք չուներ:
Ինչ վերաբերում է ձեր ասածին՝ կարծեմ, սպառնալիքի տարրեր են պարունակում, և դա հաղորդում է հանցագործության մասին: Պարո՛ն Բաբաջանյան, հրապարակավ հնչեցրել եք, կարող եք նաև հետամուտ լինել»,- ասաց Արարատ Միրզոյանը: