Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքից:
Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020-ի հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովից հարցնում է, թե արդյոք վերջինս նախատեսո՞ւմ է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությանը և կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»:
Ի պատասխան եվրապատգամավորին՝ Եվրահանձնաժողովը հայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը, և ընդգծում է մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը:
Իր պատասխանում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաև հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, որը սահմանում է կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործություններ:
Եվրահանձնաժողովը ողջունում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաև կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը: