Ինչպես հնչեցրեցի Կառավարության նիստում և երեկ ԱԺ-ում, ունենք կորոնավիրուսային թվերի բարձրացում, և դրական թեստավորվածների տոկոսը հասել է 16 տոկոսի: Նորից եմ նշում՝ հունվար-փետրվարի սկզբի մեր կառավարելի վիճակը մեր բոլորի զգոնությունը թուլացրել է, բայց այսօր մենք պետք է գիտակցենք, որ ունենք շանս՝ կանխարգելելու, զսպելու աճը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք թվերի աճին չի՞ նպաստել հանրահավաքների անցկացումը, նախարարը ասաց, որ ինքն էլ է մասնակցել հանրահավաքների:
«Ես էլ եմ մասնակցել միտինգների, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին լինել դիմակով»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ բացի հանրահավաքներից, հարյուր հազարավոր քաղաքացիներ առանց դիմակի են:
«Հիվանդացության տոկոսների նվազումը որոշակի զգոնության, հոգնածության զգացում էր առաջացրել, բայց խնդրում եմ, հորդորում եմ՝ այս պահին մենք պետք է վերադառնանք դիմակների խիստ կրմանը: Դրանք պարզ, հեշտ, մատչելի միջոցներ են՝ կանխարգելելու հիվանդությունը և մեզ հետագա՝ ավելի մեծ սահմանափակումներից, զոհերից պաշտպանելու միջոց է»,- ասաց նախարարը:
«Լուրերի» լրագրողի դիտարկմանը՝ արդյոք վերադառնալո՞ւ ենք խիստ միջոցներին, օրինակ՝ տուգանքին, նախարարը պատասխանեց՝ դիմակ կրելու դեպքում չենք վերադառնա այդ միջոցներին:
«Չսպասենք պարտադրելուն, ինքներս կարգապահություն դրսևորենք և չհասնենք նրան, որ մեզ ոստիկանը կամ այլ վերահսկող մարմին նկատողություն, տուգանք կիրառի: Բայց եթե քաղաքացին չի անում օրենքով սահմանված պահանջ, ապա, այո՛, պետք է կիրառվի նաև տուգանք»,- ասաց Ավանեսյանը: