Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ընդգրկվել է 2021-ի «Սև Բախ Արցախ» ֆիլմը, որը բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։
Ադրբեջանցիներին զայրացրել է ֆիլմի վերնագիրը, նրանք կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին: Ֆիլմը հայ-ադրբեջանական հակամարտության մասին է և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007-ին՝ երկու պատերազմների միջև։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
1990-ականների ղարաբաղյան հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և քննարկմանը: