ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկվում է Կառավարության ներկայացրած «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց, որ նախատեսվում է կանոնակարգել ՀՀ տարածք ապօրինի մուտք գործած օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող, ՀՀ տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ և ապաստան հայցելու գործընթացը:
«Ներկայումս օրենքով սահմանված կարգով անազատության մեջ պահվող անձանց կողմից ՀՀ-ում փախստական ճանաչվելու և ապաստան ստանալու իրավունքից օգտվելը դիտվում է որպես իրենց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված որոշակի սահմանափակումներից խուսափելու միջոց: Իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուց և այդ հանցավոր արարքն իրավապահների կողմից բացահայտվելուց հետո տևական ժամանակ անց այն կատարած անձինք դիմում են միգրացիայի հարցերով լիազորված մարմին՝ ՀՀ-ում իրենց փախստական ճանաչելու և ապաստան շնորհելու հայցով՝ այդպիսով նպատակ ունենալով խուսափել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածում նախատեսված պատասխանատվությունից»,- ասաց Ղազարյանը:
Արմեն Ղազարյանի խոսքով՝ մեկ այլ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց ՀՀ տարածքում ձերբակալվելուց և կալանավորվելուց հետո չվերադարձելիության սկզբունքի ուժով փաստացի հանձնման անձեռնմխելիություն ձեռք բերելու նպատակով փախստական ճանաչվելու և ապաստան ստանալու հայցով դիմելու դեպքերում: Նա նշեց, որ նման պայմաններում երբեմն իրավապահ մարմիններն անձի հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության դեպքում էլ փաստացի զրկված են լինում անձի հանձնումն իրականացնելու հնարավորությունից՝ հաշվի առնելով միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված արգելքները:
«Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու և ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման և դրանց կապակցությամբ ընդունված բացասական որոշումների բողոքարկման ընթացակարգերը՝ սահմանելով հստակ և կանխատեսելի ժամկետներ:
Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որի ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված է, կամ որը ազատությունից զրկված է, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրացուցային օրվա ընթացքում: