Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծի համահեղինակ Արթուր Դավթյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին նշանակել դատավորի կենսաթոշակ: Նախագիծը տարածվում է այն անձանց վրա, որոնց լիազորությունները դադարել են կամ դադարեցվել են Դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով:
Պատգամավորն ասաց, որ կա նաև բացառություն՝ դատավորի թոշակ չի նշանակվում, երբ անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Այդ դեպքում դատավորի կենսաթոշակի իրավունք ունեցող անձին նշանակվում և վճարվում է մեկ կենսաթոշակ՝ իր ընտրությամբ:
Ա.Դավթյանը նշեց, որ դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի և դատավորին նշանակված՝ անուիտետի և ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով, որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ: