Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արտյոմ Ալոյան։ Ծնվել է 1996 թվականին՝ Երևանում։ Սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ 2015-2017 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության համակարգում էր 2017 թվականից։
«Արտյոմն օրինակ էր բոլորիս համար: Շատ պայծառ անձնավորություն էր: Միշտ նրան հիշելու ենք, մեր ամենալավ ընկերներից էր»,- ասում են ծառայակից ընկերները:
Արտյոմը նաև լավ մարզիկ էր։ Ձյուդոյի տարբեր մրցաշարերում գրավել էր մրցանակային տեղեր։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Հադրութում։ Ապրիլյան պատերազմի մասնակից էր։
2017 թվականից պապի, հոր ու հորեղբոր օրինակով համազգեստ էր կրում։ Պապը՝ Հարազատ Ալոյանը, եղել էր ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման ծառայող, հայրը՝ Կարեն Ալոյանը, ավիացիոն զորամասերից մեկում էր ծառայել, իսկ հորեղբայրը ոստիկանության զորքերի զորամասերից մեկի շտաբի պետն է։
Արտյոմ Ալոյանը ոստիկանության զորքերի կազմով Տավուշում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։ Միշտ դրսևորել էր բարձր պատասխանատվություն ու մեծ նվիրվածություն։
«Պատերազմը նոր էր սկսվել, եկանք, հավաքվեցինք զորամասում։ Արտյոմը ձգտում էր մեկնել առաջնագիծ: Վախ չուներ, ասում էր՝ հենց առաջին հնարավորությունը լինի՝ գնալու եմ»,- պատմում է ծառայակից ընկերը՝ Արա Գևորգյանը։
Արտյոմի ասած առաջին հնարավորությունը եղավ նոյեմբերին։ Ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ և հորեղբոր՝ Արայիկ Ալոյանի հրամանատարությամբ, նոյեմբերի 2-ին մեկնեց Արցախ։ Նոյեմբերի 4-ից մասնակցեցին Քարինտակի, ապա՝ Շուշիի պաշտպանությանը։ Մարտերը ծանր էին հատկապես Շուշի տանող ճանապարհահատվածում։
«Զգալով իրավիճակի լրջությունը՝ ասացի, եթե նահանջի հրաման լինի, ինձ չնայես, կնահանջես։ Չգնաց, մնաց հետս»,- պատմում է զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արայիկ Ալոյանը։
Մարտերը շարունակվում էին։ Ոստիկանության զորքերի ծառայողներն ու Հադրութի ժամկետայիններն ահեղ մարտեր էին մղում թշնամու դեմ։ Ի դեպ, հենց այդ պահին Արտյոմը պատահաբար հանդիպում է ընկերոջը՝ զինվոր Գոռ Սարգսյանին։ Ընկերներով, գործընկերներով, բոլորով կռվում էին հանուն հայրենիքի ու հանուն հայոց հինավուրց բերդաքաղաքի։ Նոյեմբերի 7-ին մարտնչող այս խումբն ընկավ թշնամու շրջափակման մեջ։
«Ընկանք շրջափակման մեջ։ Սկսեցին կրակել մեզ վրա։ Մենք անցանք պաշտպանության։ Այդ ժամանակ Արտյոմն ինձ հետ էր։ Միասին կռիվ էինք տալիս։ Հանկարծ զգացի, որ կողքիս չի։ Տեսա գետնին պառկած է։ Մոտեցա. գլխի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել։ Աչքերը փակ էին, բայց շնչում էր։ Ձայն տվեցի՝ ոչ մի արձագանք։ Ողջ անձնակազմը դիրքավորված կռիվ էր տալիս։ Այդ ժամանակ ուզեցի քաշել Արտյոմին ինձ մոտ, որ օգնություն ցույց տամ։ Ձեռքս տարա, որ պառկած տեղից քաշեմ։ Այդ ընթացքում թշնամին երևի մեզ նկատեց, ու դիպուկահարը կրակեց»,- պատմում է զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արայիկ Ալոյանը։
Դիպուկահարի փամփուշտն Արայիկ Ալոյանի ձեռքի միջով դիպավ Արտյոմին։ Նա զոհվեց հորեղբոր ձեռքերի մեջ, իսկ փոխգնդապետ հորեղբայրը վիրավորվեց:
Զոհվել էին զորամասի գրեթե բոլոր հրամանատարները և մոտ չորս տասնյակ ծառայողներ։ Այդ պահին փոխգնդապետ Արայիկ Ալոյանի հրամանատարությամբ մոտ 20 ոստիկան ու ժամկետային ծառայող, որոնց մեջ կային նաև վիրավորներ, կարողացան առանց կորուստների դուրս գալ շրջափակումից ու նահանջել։ Ցավոք, նահանջողների մեջ չէր նաև Արտյոմի ընկերը՝ ժամկետային զինծառայող Գոռը։
Ձյուդոյի տարբեր մրցաշարերի չեմպիոն, Ապրիլյան քառօրյայի ու Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, Տավուշում մարտական հերթապահություն իրականացրած Արտյոմ Ալոյանն ընդամենը 24 տարեկան էր։ Արտյոմը, նրա ընկեր Գոռը և մեր բոլոր տղաները, որոնք ընկան հանուն հայրենիքի, միշտ մեզ հետ են։ Նրանք անմահ են։