Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց 2019-2020 ուստարվա «Հայոց Եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկայի հանրապետական օլիմպիադայի՝ ՀՀ մարզերից և Արցախից ժամանած քսանմեկ դիպլոմակիրներին և մի խումբ ուսուցիչների։
Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և ՀԵՊ հանրապետական առարկայական հանձնաժողովի նախագահ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց օլիմպիադայի փուլային կազմակերպման ընթացքը և արձանագրված արդյունքները։ Հայր Զաքարիան ուրախությամբ նշեց, որ 16 տարիների ընթացքում «Հայոց Եկեղեցու պատմությունը» դարձել է աշակերտների սիրված առարկաներից և իր ուրույն տեղն ունի առարկայացանկում։
Այնուհետև պատանիներին իր հայրական օրհնությունը և շնորհավորանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ իր համար ուրախություն է տեսնել առարկայի հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը, ինչի վկայությունը նաև տարեցտարի օլիմպիադաներում արձանագրվող արդյունքներն են։
Անդրադառնալով 16 տարիներ առաջ հայրենի իշխանությունների հետ համագործակցաբար հանրակրթական դպրոցում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ նպատակն էր մատաղ սերնդին հաղորդ դարձնել Հայոց Եկեղեցու ծոցում ստեղծված ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին։ Շեշտվեց, որ առարկայի դասավանդումը հայագիտական մյուս առարկաների հետ նպաստում է ազգային ինքնության և նկարագրի ձևավորմանը։
Հայրապետը ընդգծեց, որ առարկայի միջոցով աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալ ոչ միայն Հայոց Եկեղեցու պատմությանը և վարդապետությանը, այլև քրիստոնեական մյուս եկեղեցիներին ու տարբեր կրոններին, ինչն օգնում է հայորդիներին ճիշտ կերպով կառուցել իրենց հարաբերությունները բազմակրոն աշխարհի և տարբեր աշխարհայացքի տեր մարդկանց հետ։
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հորդորեց աշակերտներին լավ սովորել, շարունակ կրթել միտքն ու հոգին՝ իրենց գիտելիքներով, դավանած արժեքներով և հայրենասեր նկարագրով դառնալու ազգի արժանի զավակներ և նպաստելու հայրենիքի հզորացմանը, խաղաղ ու անվտանգ կյանքի կերտմանը։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս ներկա մանկավարժների, նաև իր գնահատանքը փոխանցեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի բոլոր ուսուցիչներին ազգանվեր ծառայության համար՝ հավելելով, որ վերջին արցախյան պատերազմում զինապարտ հայորդյաց դրսևորած ոգին և սխրանքները նաև իրենց անտրտունջ, նվիրյալ աշխատանքի արդյունքն են։ Վեհափառ Հայրապետը արձանագրեց, որ 44-օրյա պատերազմն ավելիով ցույց տվեց կարևորությունը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և հայագիտական մնացյալ առարկաների՝ սերունդների հայեցի դաստիարակության և ազգային դիմագծի կերտման գործում։
Առարկայի հետագա դասավանդման շուրջ արտահայտված մտահոգություններին ի պատասխան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսաբանություններ տվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախորդիվ արտահայտած կեցվածքի և ԿԳՄՍ նախարարության կողմից վերջերս ներկայացված մոտեցումների ոչ ընդունելի նկատվելու վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Կրթական հարցերով ենթախումբն առաջիկա օրերին վերստին Հայոց Եկեղեցու դիրքորոշումները կհանձնի կրթության պետական լիազոր մարմնի ուշադրությանը։
Այս առնչությամբ նշվեց նաև, որ խնդրին անդրադարձ է կատարվել նաև օրեր առաջ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։
Հանդիպման ավարտին օլիմպիադայի հաղթողները Վեհափառ Հայրապետից ստացան նվերներ, ապա ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։
</p>