Այս պահին չունենք համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ: Այդ մասին վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ սպասվում է նաև վարչապետի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, և նաև նրանց կողմից դիրքորոշում արտահայտելուց հետո կրկին կլինեն բանակցություններ: Մարուքյանը նշեց, որ միայն «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը բավարար չէ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
«Այն, որ մենք պետք է խոսենք, պետք է ճանապարհներ գտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք համաձայնություն»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:
Հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք չբերվեց, Մարուքյանն ասաց, որ վարչապետը գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, մինչդեռ իրենք կապում են, քանի որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև այդ հարցը:
Նշենք՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր թողնել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում, ցրել խորհրդարանը և անցկացնել արտահերթ ընտրություններ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը վստահեցրեց, որ ինքը և վարչապետն ունեն կամք շարունակելու բանակցությունները, երբ ԲՀԿ-ի կամքն էլ կերևա, նորից կբանակցեն: «Հույս ունեմ՝ բանակցությունների երկրորդ փուլում ինչ-որ ճանապարհ կգտնենք, ես պատրաստ եմ, կամքը կա, հուսով եմ նաև, որ իմ ներկայացրած խնդիրների շուրջ վարչապետը նույնպես կմտածի»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ եթե մարտի 8-ին վարչապետը հրաժարական տա, արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան կա՛մ ապրիլի 25-ին, կա՛մ մայիսի 2-ին: