Այսօր՝ մարտի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում երկու հարց՝ ««Շանթ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» և ««Հիբրիդ սոլյուշսն» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:
Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը, ներկայացնելով օրակարգային առաջին հարցը, նշեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «Ցայգ» ՍՊ ընկերության դիմում-բողոքը՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռում իրականացնող «Շանթ» ընկերության կողմից Շիրակի մարզում հանրապետական սփռման տեսալսողական ծրագրից տարբերվող, փոփոխված տեսալսողական ծրագիր հեռարձակելու փաստի վերաբերյալ։
Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի համար հեռարձակողը ներկայացրել է ապացույցների վերաբերյալ դիմում՝ կցելով դիմում-բողոքում նշված փաստերը հաստատող համապատասխան ապացույցներ (տեսաձայնագրություններ):
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողի տեսալսողական ծրագրերը 2021 թ. հունվարի 24-ի դրությամբ Շիրակի մարզում հեռարձակվում են փոփոխված, այն է՝ հիմնական ծրագրի մեջ ներառված հաղորդումները փոխարինվում են այլ հաղորդումներով:
Հանձնաժողովը, հաշվի առնելով տվյալ հանգամանքը և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով, «Շանթ» ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ։
««Հիբրիդ սոլյուշսն» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցը ներկայացնելիս նշվեց, որ վարչական վարույթ բացելու հիմք է հանդիսացել «Վի Էմ տելեպրոջեքթ» ընկերության դիմումը, համաձայն որի ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրային հիմունքների վերահաղորդել է տեսալսողական ծրագրեր: Ցանցային օպերատորի կողմից ներկայացված բացատրության և Հանձնաժողովի կողմից տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից չեն վերահաղորդվում Ընկերության կողմից նշված տեսալսողական ծրագրերը։
Տվյալ հանգամանքը հաշվի առնելով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը՝ հանձնաժողովը կարճել է «Հիբրիդ սոլյուշսն» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։