ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը հիշեցրեց գործընկերներին, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից և չի առաջադրվել Կառավարության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրան ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը:
«Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին էլ ներկայացրել է ԲԴԽ-ն: Դա է պատճառը, որ նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը»,- նշեց Մակունցը:
Մակունցի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն այս երկու օրերին կենտրոնացել էր հանրությանը հասկանալի դարձնելու նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի արած հայտարարությունը:
«Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր: Լինելով մի մարմնի անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը: Ավելին՝ քաղաքականացրել և քաղաքականացնում է իշխանությունների երեք ճյուղերից ապաքաղաքական դիտարկվող դատական իշխանությունը»,- նշեց Մակունցը:
Հաշվի առնելով Վարդազարյանի գործունեության նկատմամբ խմբակցության գնահատականը և Վարդազարյանի բացահայտ անհարգալից վերաբերմունքին լեգիտիմ խորհրդարանի նկատմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու՝ նշեց Մակունցը՝ ընդգծելով, որ սա ոչ թե դիրքորոշում է թեկնածուների նկատմամբ, այլ Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ:
«Մեր այս դիրքորոշումը արտահայտվում է նաև մեկ այլ հանգամանքով: Հասել ենք նրան, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի»,- նշեց Մակունցը: