Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մակունցը տեղեկացրեց, որ այս երեք օրերի ընթացքում այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել, և ինչպես ինքը նշել է իր ելույթում` առաջին հերթին նպատակ ուներ հասկանալի դարձնել հանրությանը 2020 թ. նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի արած հայտարարության մոտիվները, նպատակը և թե ինչի՛ է հանգեցրել այդ հայտարարությունը:
«Այս օրերի ընթացքում քննարկումները գտան այն գնահատականը, որը մենք հնչեցրեցինք խմբակցության անունից ելույթի ընթացքում, որ մեր գնահատականը ոչ միայն շարունակում է մնալ այն, որ այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես քաղաքական, այլև այն արձագանքը, որը հնչեցնում էր պարոն Վարդազարյանը՝ ի պատասխան պատգամավորների հարցերի, խորացնում է մտահոգությունները առ այն, որ դրանք կարող են լինել շարունակական: Հարցուպատասխանի ժամանակ հնչել են նաև այլ մտահոգություններ պատգամավորների կողմից, մասնավորապես իր այլ գործունեությունների վերաբերյալ՝ թե՛ պայմանավորված կարգապահական վարույթների հետ կապված գործերով, թե՛ այլ հանգամանքներով:
«Իմ քայլը» խմբակցությունը ևս մեկ անգամ մատնանշում է, ընդգծում է, որ այս քայլով չի արտահայտում իր վերաբերմունքը թեկնածուների նկատմամբ, խորին ակնածանք և հարգանք ունենք թե՛ պարոն Հայկյանցի, թե՛ պարոն Մկրտչյանի նկատմամբ, սրանով մենք արտահայտում ենք քաղաքական արձագանք պարոն Վարդազարյանի արած արտահայտությանը»,- ասաց Լիլիթ Մակունցը: