2020 թվականի աշնանը Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիացի վարձկանների խումբը բարձր աշխատավարձի խոստումներով հայտնվեց արցախա-ադրբեջանական սահմանին՝ տեղում հանդիպելով բռնության, նվաստացման և մահվան:
Հետաքննություններ իրականացնող The Grayzone կայքի լրագրող Լինդսի Սնելը զրուցել է սիրիական խմբավորումների որոշ անդամների հետ, որոնց անունները, անվտանգության նկատառումներից ելնելով, փոխվել են:
2020 թ. հուլիսին Սիրիայի ազգային բանակի զինյալները տեղեկացել են Ադրբեջան տեղափոխվելու մասին: Այս երկրի մասին նրանց մեծ մասն անգամ չէր լսել: Զինյալներին հայտնել էին, որ նրանք ծառայելու էին որպես սահմանապահ, և առաջադրանքը լինելու էր հեշտ ու առանց մարտերի:
2020 թ. նախապես Լիբիա մեկնած վարձկաններն այնուհետև դարձել են Արցախի պատերազմի մասնակից: Նրանք բողոքել են, որ իրենց խաբել են գործուղվելու պատճառի մասին: «Նրանք մեզ ասացին, որ աննշան մարտեր կլինեն,- ասել է «Սուլթան Մուրադ» խմբավորման զինյալներից մեկը: - Բայց հիմա մեր զոհված զինվորների մարմիններն ընկած են փողոցներում»:
Սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ու Թուրքիան պատերազմ են սկսել Արցախում, Իդլիբի «Համզա» խմբավորման զինյալ Ահմադ Խալեդը չի կարողացել կապ հաստատել Ադրբեջան մեկնած իր սիրիացի եղբոր, զարմիկների և համագյուղացիների հետ: Պատերազմը սկսվելուց անմիջապես հետո Խալեդը WhatsApp-ում մի շարք ձայնային հաղորդագրություններ է ստացել Ադրբեջանում գտնվող եղբոր կողմից:
«Սկզբում նրանք վերցրին մեր հեռախոսները,- ասել է նա ՝ ծանր պայթյունների ֆոնին: - Եվ հիմա համացանցը, սովորաբար, չի աշխատում: Նրանք մեզ ուղղակիորեն նետեցին մարտի մեջ: Մեկնելուց առաջ նրանք ասել էին, որ մարտեր չեն լինելու, և մենք պարզապես պաշտպանելու ենք ադրբեջանական սահմանը, բայց արդեն մեր խմբից 5-ը մահացել են հրետակոծությունից: Մենք չգիտենք, թե որտեղ ենք: Մենք պետք է հեռանանք այս վայրից»,- տեղեկացրել է զինյալը:
«Սուլթան Մուրադի» զինյալը հիշել է հոկտեմբերի սկզբի առանձնահատուկ դաժան օրը. «Ես և իմ զարմիկներն այս ամբողջ պատերազմում պայքարել ենք Սիրիայում և նման բան դեռ չենք տեսել: Մենք կորած էինք: Ընդհանրապես ծանոթ չէինք տեղանքին և միայն ընդհանուր պատկերացում ունեինք, թե ուր պետք է գնանք: Մեզանից շատերն ունեին միայն AK-47 (Կալաշնիկովի ինքնաձիգ - խմբ.): Մարտերից մեկի ընթացքում մեզանից 45-ը փոքր բլուրների վրա էին: Մի դիպուկահար սպանեց 8 մարդու «Սուլթան Մուրադից», 2 հոգու էլ՝ «Համզա» խմբավորումից: Դիպուկահարներն այնպիսիք են, ինչպիսին տեսնում ենք ֆիլմերում»:
Սիրիացի զինյալների՝ ադրբեջանական սահմանին լինելու փաստը ապացուցվել է զինյալների հրապարակած տեսանյութերի միջոցով: Twitter-ի օգտատերերը կարողացել են արագորեն տեղորոշել նկարահանման վայրը: Լրատվամիջոցները սկսել են հոդվածներ հրապարակել սիրիական վարձկանների՝ պատերազմին մասնակցության մասին, իսկ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները նշել են, որ ունեն ապացույցներ այն մասին, որ Թուրքիան սիրիացի զինյալներին ուղարկում է Ադրբեջան:
Հոկտեմբերի 11-ին «Համզայի» զինյալներից մեկը նկարահանել էր հայ զինվորների աճյունները և տեսանյութը տեղադրել Facebook-ում:
Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 14-ին, France24-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է սիրիացի վարձկանների ներկայության փաստն Ադրբեջանում: «Ասում են, որ մենք սիրիացի մարտիկներ ենք ուղարկել Ղարաբաղ»,- ասել է նա: «Սիրիացիները աշխատանք ունեն իրենց սեփական երկրում: Նրանք այստեղ չեն եկել»,- պնդել է Ալիևը:
«Սուլթան Մուրադի» զինյալն ասել է, որ թուրք զինվորականներից ոչ մեկին չի տեսել դեպի Ադրբեջան ինքնաթիռով մեկնելուց հետո, իսկ տեղի ադրբեջանցի զինվորները կանգնած են եղել իրենցից 200 մետր հետ՝ թիկունքում:
«Սուլթան Սուլեյմանի» զինյալներից մեկը, որն Ադրբեջանում է եղել գրեթե երկու ամիս, ասել է, որ ադրբեջանցի զինվորները դաժանորեն բռնության են ենթարկել սիրիացի վարձկաններին: «Անկեղծ ասած, մենք ավելի շատ վախենում էինք ադրբեջանցիներից, քան հայերից: Նրանք ծեծում էին ցանկացածին, ով վախենում էր մարտի գնալ: Նրանք մեզ հետ շների պես էին վերաբերվում»,- ասել է նա:
Սիրիացի զինյալների կողքին կռվել են նաև թուրքմեն ահաբեկիչները: «Ադրբեջանում այնքան հստակ երևաց, թե ինչպես է Թուրքիան այլ կերպ գնահատում թուրքմեններին, քան մեզ,- ասել է Մահմուդ Ազազին: - Արաբները գտնվում էին ամենավտանգավոր պայմաններում: Թուրքմեն մարտիկները մեր թարգմանիչներն էին, կա՛մ նրանք աշխատում էին խոհանոցում, կա՛մ հետևում էին, որ մենք չհեռանանք ճամբարներից: Չեմ կարծում, որ Ադրբեջանում զոհվել է գոնե մեկ թուրքմեն զինյալ»:
Զինյալներից մեկի պնդմամբ՝ Ադրբեջան մեկնելու համար սիրիական խմբավորումներում ներգրավված տղամարդկանցից մի քանիսը նախկինում երբեք իրականում չի կռվել: Նրանք եղել են Սիրիայի ճամբարներում ապրող հուսահատ տղամարդիկ:
Մահմուդ Ազազին ասել է, որ երկու շաբաթ ծանր կորուստներ կրելուց հետո գրոհայինները հրաժարվել են շարունակել մարտերը: Ի վերջո, նրանցից 300-ը վերադարձել են Սիրիա, իսկ նրանից 10-ը (ղեկավարության կարծիքով՝ այս ամենի համար պատասխանատու մարդիկ) ձերբակալվել են:
Դաժան պայմաններն ու մեծ կորուստները չեն խանգարել վարձկաններին կրկնել Սիրիայում և Լիբիայում իրենց ունեցած վատ վարքը: Մահմուդ Ազազին ասել է, որ նրանք թալանում էին, ինչ կարող էին: «Սիրիացիների մի մասը սկսեց կովեր ու ոչխարներ գողանալ և վաճառել դրանք ադրբեջանական միջնորդներին,- հավելել է նա: - Բայց դա շատ մտահոգիչ էր ադրբեջանցի զինվորների համար, և նրանք նյարդայնացնում էին, մտածելով, թե էլ ինչ կարող են անել սիրիացիները: Այդպիսով, նրանք որոշում կայացրին, որ ոչ մի սիրիացի երբեք չպետք է լքի ճամբարը, եթե նա մարտերին չէր մասնակցելու»:
Ադրբեջանում տեղակայված զինյալներին խոստացված վճարը կազմել է ամսական 2000 դոլար: Նույն գումարը խոստացել էին Լիբիայի վարձկաններին, չնայած, նրանցից ոչ ոք երբեք չի ստացել ամսական 400 դոլարից ավելին:
Պատերազմը Արցախում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Նոյեմբերի վերջին վարձկանները վերադարձել են Սիրիա: «Հրամանատարները Սիրիա վերադառնալիս մեզ ասացին, որ եթե լռենք, արագ կստանանք մեր հասանելիքը,- ասել է Ազազին: - Եվ մենք իմացանք, որ հրամանատարներն ու թուրքմեն մարտիկների մեծ մասն արդեն աշխատավարձ են ստացել»:
Հունվարին «Սուլթան Մուրադի» զինյալի քույրն ասել է, որ ինքը դեռ պետք է ստանա փոխհատուցում, որը խոստացել էին Արցախում սպանված եղբոր մահվան համար: «Ո՞վ գիտի, թե ուր են մեզ հաջորդ անգամ ուղարկելու: Եմե՞ն: Քաթա՞ր: Մենք Թուրքիայի համար մեկանգամյա օգտագործման ուժի նման ենք՝ իրենց նպատակներին հասնելու համար: Մենք մարտական փորձ ունենք: Բոլորը թքած ունեն մեր մահվան վրա»,- ասել է Ազազին և շարունակել. «Սիրիայի ազգային բանակում բոլորը, նույնիսկ՝ Թուրքիային ամենահավատարիմ մարդիկ, գիտեն, որ Թուրքիան չի փորձում օգնել սիրիացիներին: Նրանք չեն սատարում մեր (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ սկսված -խմբ.) հեղափոխությանը: Քանի որ հեղափոխությունն այլևս գոյություն չունի: Թուրքիան ոչնչացրեց դա, և մենք այժմ ծառայում ենք Թուրքիայի շահերին: Երդվում եմ Աստծով, մեր մեծամասնությունը կցանկանար վերադառնալ այն օրերին, թե ինչպես էինք ապրում մինչև 2011 թվականը, մինչև պատերազմը: Քանի որ Թուրքիայի վտանգը մեզ վրա զգալով ապրելն ավելի վատ է, քան ապրելն Ասադի օրոք»: